Կառավարությունը սպորտի կառավարման տեղեկատվական համակարգի ստեղծման համար կհատկացնի 20․4 մլն դրամ: Համապատասխան որոշումը գործադիրն ընդունել է այսօրվա նիստում։
«Սպորտի ոլորտի կառավարման բարեփոխումը չի կարող ընթանալ առանց թվայնացման պատշաճ գործընթացի և կառավարման տեղեկատվական համակարգերի ներդրման, որոնք նաև ոլորտային քաղաքականությունը կդարձնեն փաստահեն և տվյալահեն»,- զեկուցելով հարցը` նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նրա խոսքով՝ կառավարությունը հետևողական քայլեր է իրականացրել սպորտի զարգացման ուղղությամբ՝ առաջնորդվելով ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թվականների զարգացման ռազմավարությամբ։
Նախարարը նշել է, որ ներկայում սպորտի ոլորտում միասնական տվյալների շտեմարան և կառավարման տեղեկատվական համակարգ չի գործում։ Դրա հետևանքով ձևավորվող տեղեկատվությունը հաճախ մասնակի կամ թերի է լինում կամ ժամանակին չի թարմացվում, ինչը բացասաբար է անդրադառնում տվյալների ամբողջականության և հավաստիության վրա։ Միաժամանակ տվյալների մշակման ու փոխանակման ընթացքում առկա ավելորդ վարչարարությունը, ժամանակատար ընթացակարգերը և թղթային փաստաթղթաշրջանառության գերակշռությունը նվազեցրել են կառավարման արդյունավետությունը, թափանցիկությունն ու վերահսկելիությունը։
«Սպորտի ոլորտում կառավարման տեղեկատվական էլեկտրոնային համակարգի ներդրումը հրատապ է․ նոր համակարգը կապահովի միասնական կառավարում, տվյալների օպերատիվ հասանելիություն և կբարձրացնի ոլորտի կառավարման արդյունավետությունը»,- ընդգծել է ԿԳՄՍ նախարարը և հավելել՝ համակարգի ստեղծման օրենսդրական փոփոխություններն արդեն իրականացվել են, այժմ նախատեսվում է անցնել բուն ծրագրի մշակմանը։
Ձևավորվող նոր համակարգն աստիճանաբար վերածվելու է ոլորտի միասնական ռեգիստրի։ Դրանում ներառված տվյալները կիրառվելու են վիճակագրության վարման, ոլորտային քաղաքականությունների մշակման, որոշումների հիմնավորման, ֆինանսավորման գործընթացների, ինչպես նաև մոնիտորինգի և վերահսկողության նպատակներով։
Համակարգը բաղկացած է լինելու երեք հիմնական ուղղությունից։
Առաջին բաղադրիչը ներառելու է մարզադպրոցների գործունեության թվայնացումը։ Դրա միջոցով հնարավոր կլինի հստակ վիճակագրություն վարել սպորտով զբաղվող երեխաների ու երիտասարդների վերաբերյալ և հետևել նրանց առաջընթացին։
«Հաշվի առնելով, որ այս համակարգը փոխկապակցված է լինելու Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի հետ՝ հնարավոր կլինի փոխադարձաբար ստուգել սաների տվյալները, հաճախելիությունը՝ օգտվելով նաև դպրոցական համակարգի տվյալներից»,- ասել է Ժաննա Անդրեասյանը։
Երկրորդ բաղադրիչը ներառելու է բարձր նվաճումների սպորտի և մարզական ֆեդերացիաների գործունեությանը վերաբերող տվյալների թվայնացումը։ Համակարգի միջոցով հնարավոր կլինի էլեկտրոնային տարբերակով ընդունել ֆեդերացիաների ֆինանսավորման հայտերը և կազմակերպել ֆինանսավորման գործընթացը՝ միաժամանակ բարձրացնելով հաշվետվողականության ու թափանցիկության մակարդակը։
Նոր համակարգը նաև տեսանելի է դարձնելու մարզիկների սպորտային հետագիծը։ Հավաքագրված տվյալները կարևոր նշանակություն են ունենալու որոշումների ընդունման, այդ թվում՝ տարկետման համակարգի կիրառման տեսանկյունից։
«Հնարավոր կլինի շատ հստակ և տեսանելի կերպով հետևել մեր հավաքականների ձևավորմանը, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում, ինչպես նաև այլ մրցաշարերում նրանց գրանցած ցուցանիշներին ու արդյունքներին»,- նշել է նախարարը։
Երրորդ բաղադրիչը վերաբերելու է մասսայական սպորտին։ Այս ուղղությամբ նախատեսվում է տեղեկություններ հավաքագրել հանրության ֆիզիկական ակտիվության ցուցանիշների, այդ թվում՝ մարզասրահներ հաճախելու վերաբերյալ։
Սպորտի կառավարման տեղեկատվական համակարգի ներդրման հարցն արդեն քննարկվել և հավանության է արժանացել Տեղեկատվական համակարգերի կառավարման խորհրդի նիստում։