Ռուսական ռազմաբազայի դուրսբերումը Հայաստանի համար անվտանգային իմաստով լավ հետևանքներ չի ունենա, հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը Հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողների հետ ճեպազրույցում:
«Եթե ռուսական ռազմաբազան Հայաստանից դուրս բերվի, կմնանք անտեր այս տարածաշրջանում»,- ասել է Կարապետյանը, հայտնում է Sputnik Արմենիան:
Նրա կարծիքով՝ որևէ ռազմաբազա պետք է լինի մեր երկրում, եթե ռուսները չեն լինելու, ապա թուրքերն են լինելու։
Կարապետյանը նաև ընդգծել է, որ իրենք սահմանազատման ծրագիր ընդհանրապես չունեն, հայտնում է Radar Armenia-ն:
«Հողերը հետ բերելու ծրագիր ունենք»,-ընգծել է Կարապետյանը։
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր, թե ռուսական ռազմաբազայի ներկայությունը ՀՀ-ում կենսական անհրաժեշտություն չէ: Ըստ նրա` եթե Ռուսաստանը որոշի դուրս բերել ռազմաբազան Հայաստանի Հանրապետությունից, ՀՀ իշխանությունները չեն առարկի։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 1-ին Բիշքեկում Փաշինյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ եթե Հայաստանը համարում է, որ իրեն ռուսական ռազմաբազա պետք չէ, Ռուսաստանը պատրաստ է այն դուրս բերել նույնիսկ վաղը։