Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ իրավապահ համակարգը վաղուց պետք է զբաղվեր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանով։
Անդրադառնալով նախկին գործընկերոջ պնդումներին, ըստ որոնց՝ առցանց խաղատներին վերաբերող իր ներկայացրած օրինագիծը խորհրդարանում չի քննարկվել Ալեն Սիմոնյանի հրահանգով, ԱԽ քարտուղարը նշել է, որ ԱԺ բերված որևիցե օրինագծի մասով քննարկման չեմ մասնակցել, հայտնում է Auroranews.am-ը:
«Որևիցե կարծիք չեմ հայտնել, բովանդակություն չեմ քննարկել, չեմ առնչվել, չեմ կարդացել, այլ կերպ չեմ քննարկել։ Կրկնում եմ՝ այդ ամենը, ինչի մասին ասում է, դրանով պարտավոր են զբաղվել իրավապահները»,-նշել է նա:
Ավելի վաղ տված հարցազրույցում Հայկ Սարգսյանը մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել Ալեն Սիմոնյանի հասցեին։
Սարգսյանի ներկայացմամբ՝ Ալեն Սիմոնյանի հետ առաջին լուրջ տարաձայնությունն առաջացել է խաղամոլության և բուքմեյքերական գործունեության դեմ ուղղված օրենսդրական նախաձեռնությունների շուրջ։ Նա պնդել է, որ Սիմոնյանը փորձել է խոչընդոտներ ստեղծել նախագծի համար և վարչապետին իր դիրքորոշման վերաբերյալ սխալ տեղեկություններ է փոխանցել։