ՆԳ փոխնախարար․ Էական է հենց սահմանին առավել մեծ քանակությամբ թմրամիջոցների հայտնաբերումը

Վերջին շրջանում թմրամիջոցների հայտնաբերման դեպքերի աճող վիճակագրություն է արձանագրվել, հայտարարել է ՆԳ փոխնախարար Արմեն Ղազարյանը ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, հայտնում է Aysor.am-ը:

«Էական հանգամանք է հենց սահմանին առավել մեծ քանակությամբ թմրամիջոցների հայտնաբերումը։ Վերջին տարիների վիճակագրությունը, եթե նայենք, ապա այն տարեցտարի աճում է։ Սա, ընդհանուր առմամբ, համաշխարհային թրենդ է, և սա կարող ենք նաև իրավապահ համագործակցության առավել լավ լինելու հանգամանքով պայմանավորել։ Այստեղ, օբյեկտիվորեն, լատենտայնության հանգամանք կա։ Չենք կարող ասել՝ թմրամիջոցների հայտնաբերումը լավ աշխատանքի՞ արդյունք է, թե ապօրինի շրջանառությունն է շատացել»,– ասել է փոխնախարարը։

Ղազարյանը նշել է, որ արձանագրված ցուցանիշները կարող են պայմանավորված լինել նաև ռազմավարության փոփոխությամբ։

«Վերջին 2 տարիներին ոստիկանության շեշտադրումը եղել է առավել մեծ քանակությամբ՝ սահմանի վրա հայտնաբերումներին աջակցելը և կանխարգելելը»,-ասել է նա:

2026 թվականի առաջին հինգ ամիսներին Հայաստանում արձանագրվել է թմրամիջոցների հետ կապված 1313 հանցագործություն, իսկ համատեղ միջոցառումների ընթացքում ապօրինի շրջանառությունից առգրավվել է մոտ 147 կգ թմրամիջոց:

Leave a comment