ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կառավարության նիստում անդրադարձել է PISA միջազգային հետազոտության արդյունքներին՝ նշելով, որ արձանագրված խնդիրները վաղուց ախտորոշվել են, իսկ վերջին տարիների բարեփոխումները միտված են դրանց լուծմանը։
Նախարարի ներկայացմամբ՝ PISA հետազոտությանը Հայաստանի մասնակցությունը ՀՀ կառավարության որոշումն է եղել, որի նպատակը միջազգային համադրելի տվյալներ ստանալը, դրանց հիման վրա կրթական համակարգում առկա խնդիրները ճիշտ ախտորոշելը և հետագա քայլերը հստակեցնելն է, հայտնում է 1lurer.am-ը
PISA-ի այս շրջափուլին մասնակցել է 91 երկիր։ Հայաստանում հետազոտությունն անցկացվել է 2025 թվականի մարտ-մայիս ամիսներին և ընդգրկել է 295 դպրոցի մոտ 7000՝ 15 տարեկան սովորողի։ Մասնակիցների 88 տոկոսը հետազոտության իրականացման ժամանակ եղել է 10-րդ դասարանի աշակերտ, որոնց ուսուցումը կազմակերպվել է հին չափորոշչով։
«PISA-ն գնահատում է ոչ միայն սովորողների տարրական գիտելիքները, օրինակ՝ տառաճանաչությունը կամ թվաբանական պարզ գործողություններ կատարելու կարողությունը, այլ նաև այն, թե սովորողը որքանով է կարողանում իր ունեցած գիտելիքները կիրառել կյանքի տարբեր իրավիճակներում։ PISA-ի արդյունքներն այս առումով նաև հաստատում են, որ վերջին տարիներին կառավարության ծրագրով և ՀՀ կրթության զարգացման 2021-2030 թվականների պետական ծրագրով նախաձեռնված քայլերն ուղղված են ճիշտ ախտորոշված խնդիրների լուծմանը»,- ասել է նախարարը՝ թվարկելով իրականացվող աշխատանքները։
Անդրեասյանը, մասնավորապես, մատնանշել է դպրոցներում լաբորատոր պայմանների ապահովումը, նոր կրթօջախների կառուցումը, բնագիտական առարկաների ուսուցիչների խրախուսման մեխանիզմների կիրառումը և մանկավարժների պակասի նվազեցմանն ուղղված քաղաքականությունը։
2023 թվականի համեմատ ուսուցիչների պակասը նվազել է մոտ երկու անգամ։ Վերջին երկու ուսումնական տարվա ընթացքում դպրոցներում աշխատանքի է անցել մոտ 4000 նոր ուսուցիչ, որոնց 80 տոկոսը մինչև 45 տարեկան է, իսկ կեսից ավելին աշխատում է գյուղական դպրոցներում։
2023 թվականից գործարկվել է նաև բնագիտական առարկաների, ինչպես նաև մինչև 100 սովորող ունեցող դպրոցների ուսուցիչների հավելավճարի համակարգը։ Դպրոցների 86 տոկոսն արդեն ապահովված է լաբորատորիաներով, իսկ մինչև տարեվերջ նախատեսվել է համապատասխան հագեցվածություն ապահովել բոլոր դպրոցներում։
Նախարարի գնահատմամբ՝ այս տվյալները ցույց են տվել, որ ուսուցիչների աշխատանքային պայմանների և վարձատրության համակարգի բարելավմանն ուղղված պետական քաղաքականությունն արդեն որոշակի արդյունք է տվել, իսկ մասնագիտությունն ավելի գրավիչ է դարձել։
«Այս պահին, նույն այս հետազոտության տվյալներով, մեր երկրում ուսուցչի պակասը էապես ցածր է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության երկրների շրջանում, և մեր քաղաքականություններն արդեն արդյունք են տալիս»,-նշել է նա:
Անդրեասյանը հիշեցրել է նաև, որ բնագիտական ուղղություններով բարձրագույն կրթություն ունեցող, բայց մանկավարժի որակավորում չունեցող անձանց համար դպրոցներում աշխատանքի անցնելու լրացուցիչ հնարավորություն է ստեղծվել։
«Այստեղ ևս բավական մեծ հետաքրքրություն ունենք. մի քանի հարյուր նոր ուսուցիչներ ներգրավել ենք հենց այս եղանակով»,- ասել է նախարարը:
Նա նշել է, որ ներդրվել են մանկավարժության և հոգեբանության առանձին դասընթացներ, որոնց ավարտից և համապատասխան կրեդիտներ ստանալուց հետո այս մասնագետները կարող են դասավանդել դպրոցներում։
«Բոլոր ուղղություններով մեր իրականացրած աշխատանքները, վստահ եմ, թույլ են տալու, որ PISA միջազգային հետազոտության հաջորդ ստուգատեսին, որը 2029 թվականին է լինելու, մեր դպրոցներում այլ արդյունքներ տեսնենք։ Բայց շատ կարևոր է նաև, որ առկա խնդիրները ճիշտ ախտորոշվեն, և եթե մեր հետագա քայլերում ինչ-որ բան փոխելու կամ լավարկելու կարիք կա, ապա այդ ուղղությամբ էլ ուշադիր լինենք։ Իսկապես կարևոր է, որ քննարկումները մասնագիտական լինեն»,- ընդգծել է Ժաննա Անդրեասյանը։
Քննարկման ժամանակ անդրադարձ է կատարվել նաև կլաստերային դպրոցներ հաճախող երեխաների տեղափոխման և տրանսպորտով ապահովման խնդրին։ Նշվել է, որ կառավարությունն արդեն գործարկել է տրանսպորտային ծախսերի փոխհատուցման մեխանիզմը։
Նախարարի խոսքով՝ այն ծնողները, որոնք կորոշեն իրենց երեխաների ուսուցումը կազմակերպել նորակառույց, վերանորոգված կամ հիմնանորոգված կլաստերային դպրոցներում, հնարավորություն ունեն օգտվելու տրանսպորտային ծախսերի փոխհատուցումից։ Տրանսպորտային միջոցներին վերաբերող մյուս որոշումները նախատեսվում է հստակեցնել առաջիկայում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին կարևորել է արձանագրված խնդիրների ուղղությամբ հետևողական աշխատանքի իրականացումը՝ նշելով, որ պետության կողմից վերջին տարիներին կրթության ոլորտում իրականացվող ռազմավարական ծրագրերը նպատակաուղղված են կրթության որակի բարելավմանը՝ նոր ենթակառուցվածքների ստեղծումից և բարեկարգումից մինչև կրթական բովանդակության վերանայում ու փոփոխություն։
PISA միջազգային հետազոտության արդյունքներով՝ հայաստանցի աշակերտների մոտ 1 տոկոսն է մաթեմատիկայից լավագույն արդյունք գրանցել։ Բնագիտական ոլորտում գրեթե ոչ մի սովորող լավագույն արդյունք չի ունեցել, իսկ ընթերցանությունից գրեթե ոչ մի աշակերտ չի հասել 5-րդ կամ ավելի բարձր աստիճանի։ Այս ցուցանիշներով Հայաստանը տարածաշրջանում զբաղեցրել է վերջին հորիզոնականը՝ զիջելով Վրաստանին, Ադրբեջանին և Թուրքիային
Հայաստանցի աշակերտների գրանցած ցածր արդյունքները ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անսպասելի չի համարել՝ դրանք կապելով նաև հին կրթական չափորոշչի խնդիրների հետ։