Քաղաքականություն
11.09.2026 | 14:25
Լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՏԻՄ ընտրություններում իշխող քաղաքական ուժի որդեգրած մարտավարությանը, դատաիրավական համակարգի խնդիրներին, անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգությունների քննությանն ու ապօրինի գույքի բռնագանձման օրենսդրական փոփոխություններին:
Վարչապետը հայտնել է, որ Գորիսի առաջիկա ընտրություններում Առուշ Առուշանյանը չի հանդիսանա «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության թեկնածուն: Փոխարենը ՔՊ-ն և Առուշանյանը հանդես կգան «Համերաշխություն» դաշինքով, որի ցուցակը կգլխավորի Առուշանյանը: Ըստ Փաշինյանի՝ այս որոշումը բխում է գորիսեցիների պահանջից՝ հակադրությունը չխորացնելու վերաբերյալ: Նա նշել է, որ այն համայնքներում, որտեղ կա նման հնարավորություն, իշխանությունը գնալու է համագործակցության: Անդրադառնալով այն հանգամանքին, որ Առուշանյանը նույնիսկ անազատության մեջ է գտնվել, Փաշինյանն ընդգծել է, որ ընտրողների քվեարկությունը ցույց է տվել այլ տրամաբանություն, և իշխանությունը չի գնա ժողովրդի հետ բախման:
Նիկոլ Փաշինյանը խիստ քննադատության է ենթարկել դատաիրավական համակարգի աշխատանքը: Նրա խոսքով՝ օպերատիվ, քննչական, դատախազական և դատավարական օղակներում փոքր թերացումների ու ձգձգումների պատճառով բարձրաստիճան նախկին պաշտոնյաները, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Խաչատրյանը, Սերժ Սարգսյանը և Գագիկ Ծառուկյանը, օգտվում են անմեղության կանխավարկածից և մեղադրանքներ ստանալուց հետո ներկայանում որպես «մահամերձ»:
Վարչապետը հայտարարել է նաև ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման մեխանիզմների խստացման մասին: Ներկայումս գործող կարգավորմամբ՝ հաշտության համաձայնության դեպքում 75%-ը վերադարձվում է պետությանը, իսկ 25%-ը մնում է սեփականատիրոջը։ Փաշինյանը հանձնարարել է վերացնել 25%-ի հաշտության հնարավորությունը: Նրա պարզաբանմամբ՝ 8 տարի տրված շանսից չօգտվելուց հետո առաջիկա օրենսդրական փոփոխություններով ապօրինի ձեռք բերված գույքը 100%-ով ենթակա է լինելու վերադարձման պետության:շ
Մանրամասները՝ տեսանյութում։
Եվգենյա Համբարձումյան