Իրանը մտահոգություններ ունի, բայց ընդունել է Երևանի հավաստիացումները․ իրանագետ
Իրանի պաշտոնական դիրքորոշումը TRIPP նախագծի վերաբերյալ շարունակում է զգուշավոր լինել, սակայն հայկական կողմի ներկայացուցիչների փոխանցմամբ՝ վերջին քննարկումներից հետո Թեհրանը նախագծի դեմ նոր հրապարակային առարկություն չի ներկայացրել։ Այդ մասին «Ա1+»-ին ասաց Միջազգային և անվտանգության ինստիտուտի փորձագետ, իրանագետ Արմեն Վարդանյանը։
«Այդտեղ կա նաև, այսպես կոչված, «խորքային պետություն»՝ պետության ներսում տարբեր ազդեցության կենտրոններով։ Հաճախ տարբեր կառույցների ներկայացուցիչներ նույն հարցերի շուրջ իրարամերժ ու հակասական գնահատականներ են տալիս։ Պաշտոնական Իրանը, իհարկե, որոշակի մտահոգություններ ունի, մասնավորապես՝ ամերիկյան հնարավոր ներկայության առնչությամբ։ Սակայն Հայաստանի իշխանությունները բազմիցս հավաստիացրել են Թեհրանին, որ այնտեղ ամերիկյան ռազմական ներկայացվածություն չի լինելու, իսկ ճանապարհը գտնվելու է Հայաստանի վերահսկողության ներքո։ Իրանը դա ընդունել է ի գիտություն»,-ասաց Վարդանյանը։
TRIPP-ը՝ Trump Route for International Peace and Prosperity («Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»), Հայաստանի հարավային հատվածով նախատեսվող բազմամոդալ հաղորդակցական նախագիծ է։ Այն կարող է ներառել ավտոմոբիլային, երկաթուղային, էներգետիկ և թվային ենթակառուցվածքներ՝ Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի միջև հաղորդակցություն ապահովելու նպատակով։
Նախագծի քաղաքական հիմքը դրվել է 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպման ընթացքում։ ԱՄՆ-ն ու Հայաստանը TRIPP-ի իրականացման վերաբերյալ շրջանակային համաձայնագրի մասին հայտարարել են 2026 թվականի հունիսին։
Պաշտոնական Երեւանի դիրքորոշումն այն է, որ նախագիծը պետք է իրականացվի Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և իրավազորության լիարժեք պահպանմամբ։ Այսինքն՝ ենթակառուցվածքները պետք է գործեն հայկական իրավակարգավորման և վերահսկողության ներքո։
Իրանի համար նախաձեռնությունը սկզբից ի վեր ունեցել է երկակի նշանակություն։ Մի կողմից՝ Թեհրանը շահագրգռված է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմամբ և տնտեսական կապերի ընդլայնմամբ, որոնք կարող են նպաստել կայունությանը։ Մյուս կողմից՝ Իրանը մտահոգություններ ունի իր տարանցիկ դերի, հայ-իրանական սահմանի անխափանության և արտաքին ուժերի հնարավոր ազդեցության առնչությամբ։
«Ժամանակ առ ժամանակ տարբեր իրանցի պաշտոնյաներ հայտարարում են, որ TRIPP նախագիծն ամբողջությամբ չի բխում Իրանի շահերից։ Սակայն պաշտոնական մոտեցումն այն է, որ Հայաստանը իրավունք ունի իր տարածքում կառուցել ճանապարհներ և երկաթուղիներ, իսկ Իրանը չի կարող միջամտել Հայաստանի ներքին գործերին»,-նշեց իրանագետը։
Սեպտեմբերի 9-ին ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն էլ հայտարարել էր, որ վերջին շփումների ընթացքում Իրանը TRIPP հայ-ամերիկյան նախագծի առնչությամբ առարկություն չի հայտնել։
«2025 թվականի օգոստոսի 8-ից հետո մենք Իրանի տարբեր շրջանակների պաշտոնյաներից լսեցինք որոշակի մտահոգություններ TRIPP-ի վերաբերյալ։ Դրանից հետո բանակցություններ տեղի ունեցան, Հայաստանի փոխարտգործնախարարը մեկնեց Իրան, քննարկումներ տեղի ունեցան, այնուհետև Հայաստանի և Իրանի առաջնորդները հանդիպեցին։ Դրանից հետո պաշտոնական Թեհրանը որևէ կերպ, որևէ տեսակի առարկություն չի հայտնել TRIPP-ի շուրջ»,- հայտնել էր Խանդանյանը։
TRIPP-ի շինարարական աշխատանքները, ըստ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանի, կարող են սկսվել 2027 թվականի սկզբին։ Այդ ժամկետը վերջնական չէ. ներկայումս իրականացվում են նախապատրաստական և ինժեներական ուսումնասիրություններ։
ԱՄՆ-ը 201 մլն դոլարով կապիտալացրել է Trans-Caspian Enterprise Fund-ը՝ Միջին միջանցքի ուղղությամբ մասնավոր ներդրումները և ենթակառուցվածքային նախաձեռնությունները խթանելու նպատակով։