Նորմալ, գիտակից մարդկանց համար Տիգրանաշենի հարցը առանձնահատուկ անվտանգային խնդիր է ու բնավ, միայն այստեղ բնակվող տիգրանաշենցիներին չի վերաբերվում

ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները եւ կուսակցության անդամները կիսվել են երեկ Տիգրանաշենից ստացած իրենց տպավորություններով։

Անդրանիկ Գեւորգյան. «Մեր ուղերձն այն է, որ Տիգրանաշենը մեզ համար լոկ տարածք չէ։ Տիգրանաշենը մեր հայրենիքի, մեր Հայաստանի մի մասն է։ Մենք այստեղ ենք առաջին հերթին՝ լսելու մեր ժողովրդին, իրենց խնդիրները։ Բացի դրանից` մենք զարգացման մեր ծրագրով ենք եկել, որպեսզի մարդկանց ներկայացնենք, թե ինչպես ենք պատկերացնում Տիգրանաշենը զարգացնելը, մեր տեսլականն ինչպիսին է, ինչպես ենք պատկերացնում, որ գյուղն ավելի մարդաշատ, ավելի զարգացած դարձնենք։

Այստեղ մարդիկ տարբեր առաջարկներ են հնչեցնում։ Առաջին հերթին կարող եմ ֆիքսել մի շատ կարեւոր բան։ Տիգրանաշենցիները դեմ են Տիգրանաշենը օտար երկրներին հանձնելուն, այս տարածքը, մեր հող ու ջուրը հանձնելու Ադրբեջանին։ Այսինքն, տիգրանաշենցիները եթե ունենան աշխատատեղ, եթե լինեն ենթակառուցվածքներ, եթե ունենան կյանքի բարձր մակարդակի համար բարենպաստ պայմաններ, նրանք պատրաստ են 24/7 ռեժիմով աշխատելու, շենացնելու իրենց գյուղը, մշակելու իրենց բոլոր հողատարածքները։

Այստեղ կան բազմաթիվ խնդիրներ, որ երկար-երկար տարիներ լուծում չեն ստացել։ Ու հատկանշական է, որ տիգրանաշենցիները հատկապես նշում են, որ գյուղում առաջին անգամ են տեսնում պետական պաշտոնյաներ։ Սա կուզենայի առանձնացնել։ Շատ ցավալի է, որ այս տարիների ընթացքում որեւէ պետական պաշտոնյա այստեղ չի եկել, չի խոսել, զրուցել տիգրանաշենցիների հետ, չի լսել նրանց խնդիրները, բողոքները, չի փորձել որեւէ կերպ բարելավել տիգրանաշենցիների կյանքը։ Սա շատ ցավալի իրողություն է։ Ու ներկայիս իշխանությունները երբեւէ չեն փորձել այստեղ խնդիրներ լուծել։ Նույնիսկ խոստումներ կան, որ տրվել են, բայց կյանքի չեն կոչվել»։

Անուշ Միրզոյան. «Ուժեղ Հայաստանի պատգամավոր գործընկերներով եւ կուսակից ընկերներով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ Արարատի մարզի բնակավայր Տիգրանաշենում ենք՝ առաջին հերթին ժողովրդի, մեր հայրենակիցների խնդիրները, մտահոգությունները, ինչու չէ՝ նաեւ նրանց քննադատությունները լսելու, խոսելու այստեղ ապրող մեր հայրենակիցների հետ։

Տիգրանաշենը առաջին իմաստով ռազմավարական է, որովհետեւ գտնվում է Մ2 ռազմավարական նշանակության ճանապարհի վրա, որը կապում է հյուսիսը հարավի հետ։ Եվ մենք, օրինակ, սյունեցիներս, շատ լավ պատկերացնում ենք, թե ըստ էության՝ ինչ է նշանակում ճանապարհների անվտանգություն։ Մենք տեսել ենք ճանապարհներ, որոնք այս պահին ֆիզիկական վերահսկողության տակ են Ադրբեջանի կողմից։ Եվ հետեւաբար, մենք երաշխիքներ ենք պահանջում եւ չենք ուզում թույլ տալ, որ սահմանազատում-սահմանագծում գործընթացի համատեքստում այնպես չստացվի, որ այս ճանապարհը անցնի օտար տիրապետության, այս դեպքում՝ ադրբեջանցիների վերահսկողության տակ։

Ինչ վերաբերում է կենցաղային հարցերին, այստեղ խնդիրները շատ-շատ են։ Նաեւ շատ ցավով արձանագրեցինք, որ տարիներ շարունակ չեն եկել, չեն լսել ժողովրդի խնդիրները։ Ենթակառուցվածքային բազմաթիվ խնդիրներ կան։ Օրինակ, արոտավայրերի։ Տարաբնույթ են խնդիրները։

Արձանագրեցինք, որ անտեսված են եղել այստեղ ապրողները։ Բայց ի տարբերություն ուրիշների, «Ուժեղ Հայաստանը» այստեղ էր նաեւ առաջարկով, խնդիրների լուծումներով։ Այո, մենք Փաշինյանի զիջումային տրամաբանությունից դուրս ենք գալիս։ Մենք ուզում ենք առաջարկել զարգացման տեսլական հատկապես զբոսաշրջային իմաստով։ Եվ վստահ եմ, որ մենք, ամուր լինելով հողի վրա, կարող ենք մեր երկիրը տեսնել ուժեղ ու զարգացած»։

Գոհար Մելոյան. «Կարող է մի փոքր պաթոսային հնչել, բայց այս օրը վերածվեց հուզիչ այցի, որովհետեւ կարծում եմ, նորմալ, գիտակից մարդկանց համար Տիգրանաշենի հարցը այսօր առանձնահատուկ անվտանգային խնդիր է ու բնավ, միայն այստեղ բնակվող տիգրանաշենցիներին չի վերաբերում։ Դա յուրաքանչյուրիս՝ հենց հիմա Երեւանի սրտում՝ Կասկադում, սրճող քաղաքացու խնդիրն էլ է, որովհետեւ Տիգրանաշենով ճանապարհ է բացվելու ուղիղ դեպի Երեւան։

Եկել ենք նախ մեր քաղաքացիների հետ շփվելու, հասկանալու, թե իրենք ինչ են մտածում այս իրավիճակի վերաբերյալ։ Եկել ենք նաեւ տալու ուղերձ, որ մենակ չեն եւ մենք ունենք առաջարկներ։ Առաջարկ, որ այս հիանալի գյուղը հնարավոր է զարգացնել։ Անցնելով տներ՝ տեսնում ենք, որ մարդիկ այստեղ կյանք են դրել, ունեն տնտեսություններ։ Մի հաճելի կին իրենց բակից այս գեղեցիկ ծաղիկները քաղեց եւ նվիրեց ինձ։ Մարդիկ մեղվաբուծական տնտեսություն ունեն, որը շատ կարեւոր է այսօր վտանգի տակ գտնվող աշխարհում։ Մարդիկ մեղր են արտադրում։ Ամեն ընտանիք ունի իր պատմությունը։ Եվ ինչպես մեր համար, այնպես էլ իրենց համար կարեւոր է իրենց ստեղծած ամեն մի թուփը, ծառը, տան դռան մի փոքրիկ շտկումը, որն իրենց առօրյան է։

Մեր սահմանադրությունն էլ իր հերթին ասում է՝ Հայաստանի Հանրապետության տարածքային փոփոխությունների հարցը որոշվում է հանրաքվեով։ Այսինքն, մարդկանց կարծիքը պետք է հարցնել։ Ու ոչ միայն տիգրանաշենցու, այլեւ բոլորիս կարծիքը, թե արդյոք մեզ համար ընդունելի՞ է Տիգրանաշենը ճանաչել անկլավ եւ տալ Ադրբեջանին, այն էլ, որ այդ անկլավ ճանաչելը բավականին խնդրահարույց հարց է։

Կարող էր լինել նաեւ հարցի լուծման երրորդ ճանապարհը՝ գայինք եւ զարգացնեինք Արարատի մարզը, այդ թվում Տիգրանաշենը։

Մենք ունենք նման տեսլական։ Դա զբոսաշրջությունն է։ Դարձնել զբոսաշրջային կենտրոն, մարդկանց ապահովել աշխատատեղերով։ Գյուղերի նախագծման ու զարգացման նախագծի մասին մենք բազմիցս խոսել ենք։ Ու մենք գնալու ենք այդ ուղիով։ Հենց այս պատճառով էլ մեր կուսակցությունը ավելի բուռն կերպով գործունեությունը շարունակելու է։ Եվ մենք եկել ենք մեր քաղաքացիներին ասելու, որ մենակ չեն։ Որ իմանան՝ տեղ կա, ուր կարող են գնալ իրենց խնդրով։

Նաեւ եկել ենք ներկայացնելու իրական իրավիճակը, որ սա ընդամենը տարածք չէ, որ կարելի է հանձնել ինչ-որ փոխհատուցումներով»։

Լենա Մաթեւոսյան. «Տիգրանաշենում ենք ուղերձով, որ «Ուժեղ Հայաստանը» դեմ է ցանկացած միակողմանի զիջման ու թույլ չի տալու, որ իշխանության հռչակած «խաղաղությունը» զիջումների հաշվին լինի։

Շրջում ենք Տիգրանաշենով։ Իհարկե, բնակչության մեջ մի քիչ վախի մթնոլորտ է, տեսախցիկների առաջ, բնականաբար, չեն խոսում։ Բայց տեսախցիկներից այն կողմ յուրաքանչյուր մարդու պատմությունն է։ Մարդիկ ասում են, որ իրենք տները չեն լքելու, որ սրանք իրենց հայրական տներն են, այն տներն են, որտեղ իրենք ծնվել, մեծացել են, որտեղ կառուցել են իրենց երեխաների ապագան եւ չեն պատրաստվում ինչ-որ մեկի հայտարարությունից հետո դուրս գալ կամ հողը հանձնել։

Երեխայի ձայն չկա գյուղում։ Գյուղը կամաց-կամաց դատարկում են իրենց իսկ հռչակած ռազմավարությունը իրականացնելու համար։ Բնակիչները հստակ չեն նշել ժամկետներ, թե երբ են դուրս գալու, ինչ է լինելու, բայց այդ տագնապի մթնոլորտը կա։ Շատ տներ, այսինքն, այն տները, որտեղ մենք ենք մտել ու խոսել ենք, պատրաստվում են մինչեւ վերջ պայքարել իրենց տան համար»։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment