Խցանումների հաղթահարման լավագույն ճանապարհը հեծանվային կուլտուրայի ներդրումն է. Փաշինյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հաճելի էր լսել, որ մեր իտալացի գործընկերները ասուլիսի ժամանակ այսպիսի նախադասություն էին ասում, որ «Հայաստանում շատ տեղերում ճանապարհների որակը շատ ավելի լավն է, քան Իտալիայում»: Այսպիսի կոմպլիմենտ վաղուց չէինք լսել: Այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Սևանում կազմակերպված «Տուր օֆ Արմենիա» առաջին պրոֆեսիոնալ հեծանվային մրցաշարին:
«Իհարկե, հեծանվային սպորտը աշխարհում ամենամեծ կշիռ ունեցող մարզաձևերից մեկն է: Ինձ հետաքրքիր էր, թե ինչն է պատճառը, որ նման մեծ հետաքրքրվածություն կա, նման մեծ տնտեսականացում կա մարզաձևի: Եթե ուշադրություն դարձրել եք երկու հեծանվային մրցաշարեր ունեցող երկրները՝ Ֆրանսիան «Տուր դը Ֆրանս» և Իտալիան «Ջիրո դ’Իտալիան» զբոսաշրջային առաջատարներն են Եվրոպայի: Իհարկե, ես չեմ կարող պնդել, թե այդ մրցաշարերի շնորհիվ, բայց եթե հետևենք լուսաբանմանը, ապա կտեսնենք, որ ոչ այնքան մեծ տեղ է հատկացվում բուն սպորտին, որքան երկրին»,-ասաց վարչապետը:
Փաշինյանը նշեց, որ իր գնահատմամբ հեծանվային մրցաշարը պետք դարձնել ամենամյա, քանի որ համոզված է, որ դա իր շատ մեծ ներդրումն է ունենալու դեպի Հայաստան զբոսաշրջային ուղղության ավելացման համար:
«Էլ չեմ ասում, որ զուգահեռ մի քանի խնդիր կա, որոնցից առաջինը հեծանավային ինդուստրիան մեծ ծավալներ ունեցող ուղղությունն է: Երկրորդը՝ հեծանվային կուլտուրան Հայաստանում զարգացնելու իմաստով Երևանը հիմա, և ոչ միայն Երևանը, խցանումների դարաշրջան է մտնում, որը հաղթահարելու լավագույն ճանապարհը հեծանվային կուլտուրայի ներդրումն է»,-ասաց վարչապետը: