Եվրոպական կենտրոնական բանկը 25 տոկոսային կետով բարձրացրել է երեք հիմնական տոկոսադրույքները։
Կարգավորող մարմնի հաղորդագրության համաձայն՝ ավանդների տոկոսադրույքը բարձրացվել է մինչև տարեկան 2.5%, հիմնական վերաֆինանսավորման գործառնությունների տոկոսադրույքը՝ մինչև 2.65%, իսկ մարժինալ վարկավորման տոկոսադրույքը՝ մինչև 2.9%։
Որոշումը համընկել է վերլուծաբանների և շուկայի մասնակիցների սպասումների հետ։
Տոկոսադրույքներն այս տարի բարձրացվել են երկրորդ անգամ։ Հունիսին ԵԿԲ-ն դրանք առաջին անգամ բարձրացրել էր՝ 2023 թվականի սեպտեմբերից ի վեր։
«Մերձավոր Արևելքի հակամարտությունը շարունակում է գնաճային ճնշում ստեղծել։ Գնաճն, ամենայն հավանականությամբ, երկար ժամանակ կմնա 2% թիրախային ցուցանիշից բարձր», – ասվում է ԵԿԲ-ի հայտարարության մեջ։
Կարգավորող մարմինը նշում է, որ անորոշությունը շարունակում է բարձր մնալ՝ եվրագոտում գնաճի ուժեղացման և տնտեսական աճի դանդաղման ռիսկերի պայմաններում։
«ԵԿԲ-ի փորձագետների կողմից պատրաստված թարմացված սցենարները ցույց են տալիս ՀՆԱ-ի և գնաճի դինամիկայի հնարավոր հետագծերի լայն շրջանակ՝ կախված էներգետիկ շոկի ինտենսիվության և տևողության, ինչպես նաև դրա անուղղակի և երկրորդային ազդեցությունների վերաբերյալ տարբեր ենթադրություններից», – ասվում է ԵԿԲ-ի հաղորդագրության մեջ։
ԵԿԲ-ում նշում են, որ ընդունված որոշման պայմաններում կարգավորող մարմինը լավ դիրքերում է՝ հակամարտության հետևանքով առաջացած անորոշության շրջանը հաղթահարելու համար։ Կենտրոնական բանկի ղեկավարությունը կշարունակի դրամավարկային քաղաքականության վերաբերյալ որոշումներ ընդունել յուրաքանչյուր նիստի ընթացքում՝ հիմնվելով ստացվող վիճակագրական տվյալների վրա։