Նորապատ գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտները սեպտեմբերի 1-ը դիմավորել են կիսակառույց, շինաղբով լի եւ առանց դպրոցական նստարանների շենքում. «Հրապարակ»

Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանի հարազատ՝ Նորապատ գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտները սեպտեմբերի 1-ը դիմավորել են կիսակառույց, շինաղբով լի եւ առանց դպրոցական նստարանների շենքում։ Այս մասին ահազանգել են ծնողները եւ լուսանկար ուղարկել, որտեղ երեւում է, որ սեպտեմբերի 1-ին առաջին դասարանցիները դասասենյակում կանգնած են։ Միջին եւ բարձր դասարանների աշակերտներն էլ օրերով դասի չեն հաճախել, իսկ ովքեր գնացել են դպրոց, դարձյալ կանգնած են դասերն անցկացրել։

Սա զայրույթ է առաջացրել աշակերտների եւ ծնողների մոտ։ Դպրոցի տնօրեն Նաիրա Սահակյանը նրանց հայտնել է, որ խնդիրը ԿԳՄՍ նախարարության հետ է կապված, բայց, ծնողների պնդմամբ, երբ զանգել են թեժ գիծ, այնտեղից պատասխանել են, որ մատակարարներն են մեղավոր՝ դպրոցական նստարանները ժամանակին չհասցնելու համար։ Դպրոցի կառուցապատողներն էլ մասնավոր խոսակցություններում մեղքը գցում են մարզպետի վրա։ Գյուղում խոսակցություններ կան, որ մարզպետն անմիջական կապ ունի դպրոցի գույքի մատակարարների հետ։ Բացի այդ՝ ասում են, որ մարզպետ Վահրամ Խաչատրյանը դրանով վրեժ է լուծում հարազատ համագյուղացիներից` ԱԺ ընտրություններին գյուղում ՔՊ-ի պարտվելու համար։

Զանգահարեցինք ԿԳՄՍ նախարարություն, որտեղից մեր հարցին ի պատասխան նշեցին, որ Նորապատի դպրոցի մեկ մասնաշենքում շինարարությունն արդեն ավարտվել է, իսկ մյուսում աշխատանքները շարունակվում են։ Երեխաներին այլ համայնք տեղափոխելու անհրաժեշտությունից խուսափելու համար դասերը կազմակերպվել են պատրաստի մասնաշենքում, սակայն դեռ շարունակվում է դպրոցի գույքի համալրումը։

Չհաջողվեց կապ հաստատել դպրոցի տնօրենի հետ, սակայն նա ԿԳՄՍՆ ներկայացուցչին հայտնել էր, որ երեխաները ոչ թե կանգնած են դաս անցկացնում, այլ դասապրոցեսը երկու հերթափոխով է կազմակերպվում, ինչի արդյունքում հնարավոր է այնպիսի իրավիճակ, երբ երեխաները գնան դպրոց, բայց սպասեն, մինչեւ դասասենյակն ազատվի։

Արմինե ՆԱՎՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment