Բյուրակն Իշխանյան. «Փորձում են սփյուռքին հնարավորինս թշնամացնել Հայաստանում բնակվողների հետ, ու սա այն բազմաթիվ քայլերից մեկն է, որ ներկայիս իշխանություններն անում են այդ անդունդը մեծացնելու համար». «Ազգ»

«Ազգը» հաջորդաբար ներկայացնում է արտերկրում բնակվող հայերի տեսակետները՝ ՀՀ Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխության մասին, որի համաձայն՝ ԱԺ ընտրություններին ընտրելու իրավունք ունեն 18 տարին լրացած ՀՀ այն քաղաքացիները, որ քվեարկության օրվան նախորդող 730 օրվա ընթացքում ՀՀ-ում փաստացի գտնվել են առնվազն 366 օր: Ստորեւ՝ օգոստոսի 25-ին ուժի մեջ մտած օրենքի դեմ Դանիայում 12 տարի բնակվող գիտնական, գրող Բյուրակն Իշխանյանի կարծիքն է

Դուք ՀՀ-ում ունեք հաշվառում, բայց ամիսների  ֆիզիկական բացակայության պատճառով զրկում են ընտրություններին մասնակցել. Դրանով ավելի շատ ՀՀ-ում ժողովրդավարությո՞ւնն են թուլացնում, սփյուռքի՞ դեմ են պատժամիջոց սահմանում, թե՞ ձեզ առիթ են տալիս, որ 2 տարվա մեջ ավելի շատ լինեք այն երկրում, որի քաղաքացին եք (որ՝ առավել կապվեք):

. Կարծում եմ՝ առաջին երկուսը: Որպես պատժամիջոց չէի ասի, ուղղակի փորձում են սփյուռքին հնարավորինս թշնամացնել Հայաստանում բնակվողների հետ, ու սա այն բազմաթիվ քայլերից մեկն է, որ ներկայիս իշխանություններն անում են այդ անդունդը մեծացնելու համար: Հետո, էսպիսով փորձում են ընտրությունների արդյունքներն ավելի կառավարելի դարձնել:

Իհարկե, քարոզչական թեզն այն է, թե Ռուսաստանից ուղղորդված գալիս են, կոնկրետ ուժի ընտրում: Բայց այդ թեզին հավատացողները, կարծում եմ, լավ չեն պատկերացնում, թե ինչ ահռելի լոգիստիկա է պահանջում նման բան անելը, ու եթե որեւէ քաղաքական ուժ կարողանար դա անել, ես կզարմանայի, որ իշխանության չկարողանային գալ: Բացի դրանից, սփյուռքում բնակվողներն էլ ազատ կամք ունեն, ու շատ դժվար է մարդկանց ուղղորդելը, որ իրենց առօրյայից կտրվեն, գան Հայաստան, ընտրեն, գնան:

Իսկ Հայաստանում լինելու քաջալերելու մասով՝ վստահ եմ, որ նման նպատակ չկա: Ուղղակի էսպիսի փաթեթավորմամբ փորձում են դա կապել հարկատուի հետ, իսկ այս թեզի կողմնակիցների համար շատ լավ քարոզչական հնարք է ընտրելու իրավունքը հարկ վճարելու հետ կապելը, որովհետեւ հետո շատ ավելի հեշտ կլինի այլ մարդկանց ընտրելու իրավունքը սահմանափակել. թոշակառուներ, գործազուրկներ, ուսանողներ եւ ընդհանրապես բոլոր նրանք, որ հարկ չեն վճարում:

Ընտրություններին մասնակցելու սահմանափակումը կարելի՞ է դիտարկել որպես պետության անվտանգության սպառնալիք: Եթե այո, հիմնավորեք:

-Այո, ընտրություններին մասնակցելու սահմանափակումը պետության անվտանգության սպառնալիք է: Հայաստանի անվտանգության համար խիստ անհրաժեշտ է, որ կայացած ժողովրդավարություն ունենանք առանց արտաքին միջամտությունների, որովհետեւ Հայաստանի գոյությունն առաջին հերթին հենց ժողովրդավարությամբ է հակադրվում Ադրբեջանին: Ժողովրդավար պետությունում քաղաքացիների կյանքն ավելի անվտանգ է: Իսկ ժողովրդավարությունը սահմանափակելով սահմանափակվում է նաեւ քաղաքացիների անվտանգությունը, ինչի արդյունքում պարարտ հող է ստեղծվում Հայաստանում թուրքական միջամտության:

Եթե ՀՀ-ն ընտրել է ԵՄ-ին մերձենալու ուղին, ապա այս սահմանափակումը  հետընթաց չէ՞, կամ՝ ո՞ր երկրի օրինակին է հետեւում: (ԵՄ երկրների մի մասի քաղաքացիները ընտրությանը մասնակցում են նաեւ այլ երկրներում գտնվելով՝  քվեարկում են դեսպանություններում կամ փոստային առաքմամբ):

-Իհարկե հետընթաց է: Եվրոպական որեւէ երկիր չկա, որ ավելի ազատ իրավունքից անցել է ավելի սահմանափակված իրավունքի, այլ ճիշտ հակառակն է՝ տարիների ընթացքում ընդլայնում ու հեշտացնում են ընտրություններին մասնակցելու իրավունքը: Դիտարկենք հենց Դանիայի օրինակը: Այստեղ առաջին անգամ ընտրելու իրավունքն ամրագրվել է 1849-ի սահմանադրությամբ, բայց այն ժամանակ ընտրելու իրավունք ունեին միայն 30 տարին լրացած ֆինանսապես ապահով տղամարդիկ: Տարիների ընթացքում այդ իրավունքն ընդլայնվել է:

Օրինակ՝ 1915-ից ընտրելու իրավունք ստացել են նաեւ կանայք: Այսօր Դանիան շարունակում է մնալ այն քիչ պետություններից, որտեղ դրսում ապրող քաղաքացին ընտրելու իրավունք չունի, բայց այս հարցը քննարկվում ու քննադատվում է ու լուծում է փնտրվում. սա 1953-ի սահմանադրությամբ է ամրագրված, իսկ սահմանադրությունն էստեղ այնքան էլ հեշտ չի փոխվում, ոչ էլ սահմանադրությանը հակասող օրենքներ են ընդունվում: Միեւնույն ժամանակ, պայմաններ են ստեղծված, որ եթե ընտրությունների օրը քաղաքացին երկրում չէ, այլ տարբերակով ընտրի (դիվանագիտական ներկայացուցչություններում կամ նախապես նամակով): Իսկ Հայաստանն ի՞նչ է անում: Ի սկզբանե շատ ավելի ժողովրդավար սահմանադրությանը հակասող հակաժողովրդավարական օրենք է ընդունվում:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Գերմանիա

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment