Բաքուն դիվանագետների այց է կազմակերպել Արցախ․ մասնակիցների թվում է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն

Քաղաքականություն

11.09.2026 | 10:50

Բաքուն հայաթափված Արցախի շրջաններ հերթական քարոզչական այցն է կազմակերպել։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ մեկնարկել է Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ​​կորպուսի ներկայացուցիչների երկօրյա այցը Արցախի շրջաններ։ Նրանց ուղեկցում է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։

Այցին մասնակցում է 58 երկիր և ինը միջազգային կազմակերպություն ներկայացնող 150 անդամից բաղկացած պատվիրակություն։

Հաղորդվում է, որ այցի ընթացքում օտարերկրյա դիվանագետները կծանոթանան Ստեփանակերտում և Շուշիում, ինչպես նաև Մարտակերտի և Քարվաճառի շրջաններում իրականացվող նախագծերին, պատմամշակութային ժառանգության վայրերի ներկայիս վիճակին։

Այցին մասնակցում է նաև Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն։

Հավելենք, որ վերջերս Caucasus Heritage Watch կազմակերպությունը հայտնել էր Ադրբեջանի կողմից Շուշիի հին հայ-ռուսական գերեզմանոցի ոչնչացման մասին՝ արբանյակային լուսանկարների վերլուծության հիման վրա: Գերեզմանոցում գտնվել են միջնադարյան հայկական խաչքարեր և 19-րդ դարի հայկական ու ռուսական տապանաքարեր, որոնք թվագրվում են 1810-1871 թվականներով։ CHW-ի տվյալներով՝ գերեզմանոցի ավերումը տեղի է ունեցել 2026 թվականի մայիսի 9-ից 14-ն ընկած ժամանակահատվածում:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment