Նոյեմբերի 1-ից Հայաստանում ամբողջությամբ կգործարկվի նոր կենսաչափական համակարգը․ ՆԳՆ

Նոյեմբերի 1-ից Հայաստանում ամբողջությամբ կգործարկվի նոր կենսաչափական համակարգը․ ՆԳՆ

ՆԳՆ-ից հայտնում են․

Վիզաների ազատականացման գործընթացում 2029 թվականը Հայաստանի քաղաքական հանձնառության սահմանված ժամկետն է․ Արփինե Սարգսյանի հարցազրույցը Պետրոս Ղազարյանին

 

Առաջին ալիքի եթերում ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում անդրադարձել է Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացմանը, ինչպես նաև դրա շրջանակում կենսաչափական համակարգի ներդրմանը, սահմանների համալիր կառավարմանն ու քաղաքացիության ինստիտուտի վերարժևորմանը։

Մասնավորապես՝

Հայաստանի կառավարության քաղաքական թիրախն է մինչև 2029 թվականը գործողությունների ծրագրի ամբողջական և որակյալ կատարումը՝ եվրոպական կողմին վերջնական գնահատման և համապատասխան որոշման կայացման հնարավորություն տալու համար։
2026 թվականի նոյեմբերի 1-ից Հայաստանում ամբողջությամբ կգործարկվի նոր կենսաչափական համակարգը, որը ներառում է և՛ փաստաթղթերի նոր ձևաչափ, և՛ ամբողջական ենթակառուցվածքի ու տվյալների ստուգման նոր մեխանիզմների ներդրում։
Նոր կենսաչափական փաստաթղթերի արժեքը ձևավորվել է մասնավոր գործընկերոջ մրցութային առաջարկի հիման վրա։

Պետությունը սահմանված արժեքներին որևէ լրացուցիչ շահույթ չի ավելացրել․ այն ներառում է բացառապես նոր անվտանգային ստանդարտների և տեխնոլոգիական լուծումների ներդրման ինքնարժեքը։ Պետությունն այս գործողությամբ ցանկանում է ապահովել որակյալ ծառայություն։

Սահմանների կառավարման արդիականացումը Հայաստանի երկարաժամկետ ազգային անվտանգության օրակարգի մաս է։ Հայաստանը պետք է ֆիզիկական սահմանների պաշտպանությունից անցում կատարի անվտանգության համապարփակ մոդելի։ Այս համատեքստում կարևոր բաղադրիչ է մասնագիտական կադրերի պատրաստումը։
Վերարժևորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիության շնորհման և դադարեցման ընթացակարգերը։ Կարևորվում է Հայաստանի հետ անձի իրական և կայուն կապը, այդ թվում՝ ռեզիդենտությունը և կենսական շահերի կենտրոնը։ Այս փոփոխությունը փոխկապակցված է նաև ընտրական իրավունքի ոլորտում ռեզիդենտության սկզբունքի կիրառման հետ։

Leave a comment