«Ադրբեջանի և Հայաստանի միջև գոյություն ունի դե ֆակտո խաղաղություն»։ Սրանք Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի խոսքերն են՝ հնչեցված հուլիսի 17-ին Մոսկվայում կայացած բանակցություններից հետո ռուս գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Դա արտացոլում է հայ-ադրբեջանական հարաբերությունների տոնայնության որոշակի փոփոխությունը՝ 2025-ի օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան գագաթնաժողովից հետո, որին հաջորդեց այն, որ Բաքուն զգալիորեն մեղմեց այդ հարաբերություններին բնորոշ պատերազմական հռետորաբանությունը։
Սակայն, չնայած խաղաղ մտադրություններ ցուցադրելու փորձերին, Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է համակարգված կերպով առաջ մղել «Արևմտյան Ադրբեջան» էքսպանսիոնիստական պատումը, որը Հայաստանի Հանրապետության տարածքը ներկայացնում է որպես ադրբեջանցիների «պատմական հայրենիք» և ավելի ու ավելի ակտիվորեն տարածվում է ադրբեջանական պետական լրատվամիջոցներով, կրթական հաստատություններով և պաշտոնական խոսույթով։ Այս սպառնալիքն անտեսվում է Հայաստանի կառավարության կողմից, սխալ է ընկալվում հայ ընդդիմության կողմից և չափազանց թեթև է ընդունվում միջազգային գործընկերների կողմից։
«Խաղաղության» բառամթերքով սահմանվող գործընթացի այս մեկ տարվա ընթացքում ի՞նչ է մեզ ասում նմանատիպ պատումի շարունակական առաջմղումը կայուն խաղաղության հեռանկարների մասին։
Լեռնային Ղարաբաղի նախադեպը և հակամարտության շուրջ ծավալված բանակցային գործընթացը ցույց են տալիս երկու բան.
Առաջին՝ պատումային պատերազմը չի կարելի անտեսել կամ անկարևոր համարել, հատկապես ապատեղեկատվության և սխալ մեկնաբանությունների այսօրվա միջավայրում, որտեղ նույնիսկ ամենաանհեթեթ պատումները ի վերջո կարող են մուտք գործել հանրային քննարկման դաշտ։
Երկրորդ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտնի է երկակի ուղերձների քաղաքականությամբ։ Նա հետևողականորեն միջազգային լսարանին ներկայանում է կառուցողական գործչի կերպարով՝ միաժամանակ երկրի ներսում պահպանելով շատ ավելի կոշտ քաղաքական գիծ։ Այդուհանդերձ, նրա գործողությունները հիմնականում պայմանավորված են ներքաղաքական հռետորաբանությամբ, ինչով և բացատրվում են ագրեսիվ պատերազմն ու էթնիկ զտումը Լեռնային Ղարաբաղում՝ զարգացումներ, որոնք որոշ միջազգային գործընկերներ, հավանաբար, կարծում էին՝ տեղի չեն ունենալու։
Այժմ, երբ Հայաստանի կառավարությունը բացահայտ հայտարարել է Լեռնային Ղարաբաղի էջը փակելու իր մտադրության մասին, Ադրբեջանն ի պատասխան բացահայտորեն առաջ է մղում Հայաստանի դեմ ուղղված ծայրահեղ վտանգավոր էքսպանսիոնիստական պատումը՝ հռչակելով այն որպես իր «ազգային գաղափար»։
Ադրբեջանական պետական լրատվամիջոցների, հատկապես պետական «Ազերթաջ» լրատվական գործակալության շարունակական մշտադիտարկումը ցույց է տալիս Հայաստանի տարածքը որպես «հնագույն ադրբեջանական հող» ներկայացնելու հստակ միտում։ Այս թեզը զուրկ է պատմական, աշխարհագրական կամ քաղաքական որևէ հիմքից։
Նախ դիտարկենք այս վտանգավոր քարոզչական արշավի վիճակագրությունը, ապա վերլուծենք դրա բովանդակությունն ու ընդհանուր միտումները։
2025 թ. նոյեմբերի 3-ին՝ օգոստոսի 8-ի գագաթնաժողովից և Վաշինգտոնի միջնորդությամբ սկսված խաղաղության գործընթացից երեք ամիս անց, Ալիևը մասնակցեց Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի 80-ամյակին նվիրված համաժողովին։ Իր ելույթում նա բացահայտորեն խնդիր դրեց՝ ավելի շատ հետազոտական աշխատանքներ պետք է պատրաստվեն, որպեսզի թե՛ ադրբեջանցի երիտասարդությունը, թե՛ համաշխարհային հանրությունը լավ իմանան իրենց պատմությունը և միաժամանակ՝ որպեսզի «մեր վերադարձը ներկայիս Հայաստան հնչի լիովին տրամաբանական և արդարացի»։
Ալիևը լիովին գիտակցում է, որ այս էքսպանսիոնիստական պատումը չի կարող հնչել ո՛չ «տրամաբանական», ո՛չ «արդարացի»։ Նա գիտի, որ այն միջազգային իրավունքի տեսանկյունից որևէ իրավական հիմք չունի[1]։ Նա նաև քաջ գիտակցում է, որ «Արևմտյան Ադրբեջան» եզրույթը պատմական նախադեպ չունի և երբեք գոյություն չի ունեցել որևէ աշխարհագրական քարտեզի վրա։ Դա քաղաքական տերմին է, որը հորինել և տարածել է նրա հայրը՝ Հեյդար Ալիևը, ով այն օգտագործել է 1998 թ. դեկտեմբերին հրապարակային ելույթում՝ ասելով.
«Այն տարածքը, որն այժմ կոչվում է Հայաստան, իրականում Արևմտյան Ադրբեջանն է՝ [ներառյալ] Իրևանի, Գյոյչայի, Զանգիբասարի և Զանգեզուրի գավառները, այս բոլորը հողեր էին, որտեղ ապրում էին մուսուլմաններ և ադրբեջանցիներ։ Ցավոք, մուսուլմանները վտարվել են այդ տարածքներից, և այժմ այնտեղ ոչ մի մուսուլման չկա։ Սա հայկական ազգայնականության, հայկական ծայրահեղականության և հայկական շովինիզմի քաղաքականության արդյունքն է։ Եթե խոսում ենք Կովկասում իսլամական քաղաքակրթության մասին, ապա պետք է ասենք ճշմարտությունը»։
Ադրբեջանի էքսպանսիոնիստական հռետորաբանությունը նոր չէ, սակայն այն թափ ստացավ և դարձավ քաղաքական օրակարգի մաս 2020 թ. Լեռնային Ղարաբաղյան պատերազմից հետո։ 2022 թ. դեկտեմբերին Ալիևն ինքն է հայտարարել. «Հայաստանը երբեք չի եղել այս տարածաշրջանում։ Ներկայիս Հայաստանը մեր հողն է»։
Մեկ տարի առաջ EVN Report-ի հոդվածն ուսումնասիրում էր, թե ինչպես է Ադրբեջանի կրթական համակարգն օգտագործվում այս հայեցակարգը տարածելու համար, և թե ինչ ռիսկեր է պարունակում մի ամբողջ սերունդ դաստիարակելը այն համոզմամբ, թե իբր հարևան Հայաստանը «իրենցն է»։
Այս հոդվածում ներկայացվող մշտադիտարկումը կենտրոնանում է Ադրբեջանի պետական «Ազերթաջ» լրատվական գործակալության վրա՝ 2025 թ. նոյեմբերին հայեցակարգն ավելի ակտիվ առաջ մղելու Ալիևի հանձնարարականից հետո։ Այն ընդգրկում է ԱՄՆ-ի միջնորդությամբ Վաշինգտոնում ձեռք բերված առաջընթացին հաջորդող ժամանակահատվածը, երբ կարելի էր ակնկալել, որ հռետորաբանությունը կնահանջի՝ Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղության համաձայնագրին մոտենալուն զուգահեռ։
Ստորև բերված թվերը արտացոլում են ադրբեջաներեն այն հոդվածների քանակը, որոնցում Հայաստանի առնչությամբ օգտագործվում է «Արևմտյան Ադրբեջան» եզրույթը։
Նոյեմբերին «Ազերթաջ»-ը հրապարակել է նման 49 հոդված։ Թիվը դեկտեմբերին իջել է 42-ի, հունվարին՝ 32-ի, ապա փետրվարին կազմել է 38, մարտին՝ 24, ապրիլին՝ 31, մայիսին՝ 29 և հունիսին՝ 80։
Այս պատկերը հուշում է, որ «Արևմտյան Ադրբեջանը» պարզապես քաղաքական կարգախոս չէ, այլ ավելի ու ավելի համակարգված, պետական աջակցության ներքո զարգացող պատում՝ Հայաստանի ինքնիշխանության և անվտանգային միջավայրի համար երկարաժամկետ ռազմավարական վտանգավոր հետևանքներով։
Մտահոգությունը պարզապես այն չէ, որ ադրբեջանցի պաշտոնյաները տարածքային պահանջներ են ներկայացնում Հայաստանի նկատմամբ։ Խնդիրն այն է, որ «Արևմտյան Ադրբեջան» պատումը՝
1.կառուցվում է որպես պատմական պահանջ
2.ինստիտուցիոնալ հենքի վրա է դրվում համալսարանների և պետական հաստատությունների միջոցով
3.ներդրվում է ազգային ինքնության մեջ
4.առաջ է մղվում դիվանագիտական և միջազգային ուղիներով
5.ներկայացվում է որպես մարդու իրավունքների հարց, մինչդեռ իրականում այն տարածքային էքսպանսիոնիզմի ակնհայտ դրսևորում է։
Այս համատեղ ջանքերը վկայում են երկարաժամկետ պատում ձևավորելու փորձի մասին, որտեղ Հայաստանը ոչ միայն չի դիտարկվում որպես ինքնիշխան հարևան պետություն, այլ համարվում է տարածք, որի հետ կապված են իբրև թե չլուծված ադրբեջանական պահանջներ։
Հետևաբար «Արևմտյան Ադրբեջան» հայեցակարգը չպետք է անտեսվի որպես քաղաքական կարգախոս կամ առանձին հռետորաբանություն։ Այն դարձել է պետականորեն հովանավորվող գաղափարական, կրթական և դիվանագիտական նախագիծ՝ ուղղված Հարավային Կովկասում պատմության, լեգիտիմության և ինքնիշխանության ընկալումների ձևախեղմանը։ Դա դժվար է համադրել կայուն խաղաղության մասին հռչակված նպատակի հետ։
Այս փաստն անտեսելը կնշանակի կրկնել այն սխալը, որ շատերը թույլ տվեցին՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ադրբեջանի կողմից տարիներ շարունակվող վտանգավոր հռետորաբանությունը զուտ քարոզչություն համարելով, մինչև որ դրան հաջորդեցին ռազմական ագրեսիան և էթնիկ զտումը։
«Արևմտյան Ադրբեջան» պատումը չի սահմանափակվում քաղաքական ելույթներով կամ պետական լրատվամիջոցներով։ Այն ավելի ու ավելի է ստանում ինստիտուցիոնալ և ակադեմիական շրջանակ և հռչակվում «ազգային գաղափար»։
Այս տարվա հունիսին Բաքվի պետական համալսարանը և «Արևմտյան Ադրբեջանի համայնքը» համատեղ կազմակերպեցին միջազգային գիտաժողով՝ «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան. որպես ազգային գաղափարի նոր փուլ» վերնագրով։ Ըստ «Ազերթաջ»-ի՝ գիտաժողովը քննարկել է հայեցակարգի «գիտական» հիմքերը, ներառյալ ադրբեջանցիների՝ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» իբրև թե «վերադարձի իրավունքը»։
Վայրի ընտրությունը կարևոր է։ Բաքվի պետական համալսարանը Ադրբեջանի խոշոր կրթական հաստատություններից է, և գիտաժողովը պատումը բերեց ակադեմիական միջավայր՝ դրան հաղորդելով գիտական լեգիտիմության տեսք և միաժամանակ ուսանողներին ու ավելի լայն կրթական հանրությանը ներկայացնելով այն միտքը, թե ներկայիս Հայաստանը «Արևմտյան Ադրբեջան» է։
Նույն ուղերձն ամրապնդվեց նույն ամսվա վերջում Նախիջևանում, որտեղ անցկացվեց «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» III փառատոն-համագումարը՝ Նախիջևանում նախագահի լիազոր ներկայացուցչության, Գիտության և կրթության նախարարության, Նախիջևանի պետական համալսարանի և «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» մասնակցությամբ։ Միջոցառման ելույթներում ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաները «Արևմտյան Ադրբեջանը» բնութագրեցին որպես ազգային և կրթական առաջնահերթություն և խոսեցին հայեցակարգը գաղափարից «ռազմավարական գործողության» տեղափոխելու մասին։
Սա նշանակալի է, քանի որ պատումն այլևս առաջ չի մղվում պարզապես որպես քաղաքական հռետորաբանություն։ Այն ներառվում է Ադրբեջանի կրթական, ակադեմիական և պետական հաստատություններում և ներկայացվում որպես լեգիտիմ ազգային նախագիծ։
Օրինակ՝
- Նախիջևանում Ադրբեջանի նախագահի լիազոր ներկայացուցիչ Ջեյհուն Ջալիլովը հայտարարել է. «Նոր իրողությունների լույսի ներքո Ադրբեջանի Հանրապետության նախագահ, Գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևը Արևմտյան Ադրբեջանի հարցը սահմանել է որպես ազգային օրակարգի առանցքային ուղղություններից մեկը»։
- Ադրբեջանի գիտության և կրթության նախարար Էմին Ամրուլաևն ընդգծել է, որ Արևմտյան Ադրբեջանի թեման դարձել է երկրի կրթական և գիտական ոլորտների հիմնական թեմաներից մեկը։ Նախարարն ընդգծել է նաև, որ թեման գաղափարից անցել է ռազմավարական գործողության փուլ։ Պետության ղեկավարի նպատակամղված քաղաքականության արդյունքում Արևմտյան Ադրբեջան վերադարձի ուղղությամբ իրականացվում են համակարգային կազմակերպչական, կրթական և հետազոտական միջոցառումներ։
- Միլլի Մեջլիսի փոխխոսնակ Զիյաֆաթ Ասկերովը նույնպես հայտարարել է, որ արևմտյան ադրբեջանցիների վերադարձը հայրենիք երկրի արտաքին քաղաքականության կարևոր առաջնահերթ ուղղություններից է։
Այս պաշտոնական հայտարարությունները, ինչպես նաև պետական լրատվամիջոցներում ընթացող ակտիվ քարոզչական արշավը, հստակ ցույց են տալիս Ադրբեջանի շարունակական ջանքերը՝ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքը ներկայացնելու որպես «Արևմտյան Ադրբեջան»։ Դրանք նաև հաստատում են, որ այս պատումը գաղափարական հայեցակարգից վերածվել է պետական ռազմավարական քաղաքականության, իսկ դա վկայություն է այն մասին, որ Ադրբեջանը չի հետապնդում իրական հաշտեցում։ Փոխարենը՝ այն ինստիտուցիոն հիմքերի վրա է դնում այս անհիմն, բայց համակարգված, պետականորեն հովանավորվող էքսպանսիոնիստական պատումը, որը սկզբունքորեն անհամատեղելի է կայուն և երկարաժամկետ խաղաղության տեսլականի հետ։
Ցավոք, այս լուրջ սպառնալիքին դեռևս պատշաճ ուշադրություն չի դարձվում։ Հայաստանի կառավարությունն ընտրել է կա՛մ անտեսել այն, կա՛մ, ինչն ավելի վատ է, կեղծ զուգահեռներ անցկացնել այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» ադրբեջանական հորինված «վերադարձի իրավունքի» և Լեռնային Ղարաբաղի հայերի՝ միջազգայնորեն ճանաչված վերադարձի իրավունքի միջև։ Կառավարության ներկայացուցիչները նույնիսկ քննադատել են ընդդիմությանը՝ Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի իրավունքի մասին հանրությանը հիշեցնելու համար։
Երկու պնդումները սկզբունքորեն տարբեր են։ Երբ Իլհամ Ալիևը սկսեց Հայաստանն անվանել «Արևմտյան Ադրբեջան» և առաջ մղել «վերադարձի իրավունքի» հորինված հայեցակարգը, հայերը դեռ ապրում էին իրենց տներում՝ Լեռնային Ղարաբաղում։ Այս երկու հարցերը երբեք կապ չեն ունեցել միմյանց հետ։
Ավելի կարևոր է հասկանալ, որ հորինված, պետականորեն հովանավորվող էքսպանսիոնիստական պատումը միջազգային իրավունքի հաստատված սկզբունքի հետ հավասարեցնելը միայն նորմալացնում է Ադրբեջանի պահանջները Հայաստանի նկատմամբ՝ դրանց իրական բնույթը բացահայտելու փոխարեն[2]։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ Լեռնային Ղարաբաղի էջը փակելու ջանքերը նաև ստեղծել են քաղաքական փակուղի իշխող ուժի համար։ Եթե կառավարությունը հակամարտությունը սահմանում է որպես լուծված և պնդում, որ Հայաստանն ու Ադրբեջանն այժմ խաղաղության մեջ են, ապա ինչպե՞ս է այն բնութագրում Ադրբեջանի շարունակվող պահանջները հենց Հայաստանի վերաբերյալ։
Այդ հարցից հնարավոր չէ խուսափել՝ պարզապես հայտարարելով, թե հակամարտությունն ավարտված է։ Ընդհակառակը, «Արևմտյան Ադրբեջան» պատումի ի հայտ գալն ավելի կարևոր է դարձնում, որ Հայաստանը հստակ ձևակերպի, թե ինչ է դա, ինչու է այն կարևոր և ինչով է տարբերվում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի իրավունքներից։
Ընդդիմությունը նույնպես չի կարողացել ճիշտ ձևակերպել այս սպառնալիքը։ Հիմնական ընդդիմադիր մի քանի կուսակցություններ, հատկապես «Ուժեղ Հայաստանը», որն այժմ ներկայացված է խորհրդարանում, նախընտրական քարոզարշավի ընթացքում ակտիվորեն օգտագործում էին ադրբեջանական տերմինաբանությունը՝ խոսելով «300 հազար ադրբեջանցիների բնակեցման» մասին՝ Փաշինյանի կառավարությանը քննադատելու համար։ Այս պնդումը սպասարկեց ադրբեջանական քարոզչությանն ու Հայաստան ադրբեջանցիների «վերադարձի» մասին սպառնալիքներին։
Սա պարզապես Խորհրդային Հայաստանում ժամանակին բնակված ադրբեջանցիների մասին քննարկում չէ։ Ի գիտություն՝ 1989 թ. խորհրդային մարդահամարի տվյալներով նրանք կազմում էին 84 860 մարդ։ Խոսքը պետականորեն հովանավորվող գաղափարական նախագծի մասին է, որը վիճարկում է Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու պատմական լեգիտիմությունը։ Սակայն հարցը վերածվել է Հայաստանի ներքաղաքական մրցակցության քաղաքական ուժերի մեջ, և թե՛ կառավարությունը, թե՛ խորհրդարանական ընդդիմությունը չեն կարողանում համահունչ պատասխան ձևակերպել այս խնդրի առնչությամբ, որը, փաստացի, ազգային անվտանգության սպառնալիք է։
Հայաստանի միջազգային գործընկերները նույնպես դեռ պատշաճ լրջությամբ չեն վերաբերվում այս հարցին։ Սակայն հիմնական պատասխանատվությունը կրում է Հայաստանը՝ հստակ բացատրելու, թե ինչ է «Արևմտյան Ադրբեջան» հայեցակարգը, ինչու է այն կարևոր և ինչ երկարաժամկետ հետևանքներ կարող է ունենալ երկրի ինքնիշխանության և անվտանգության համար։
Հայաստանը դեռևս ունի դիվանագիտական, քաղաքական, իրավական և տեղեկատվական գործիքներ՝ Ադրբեջանի պետականորեն հովանավորվող պատումին հակազդելու համար։ Նպատակը պետք է լինի ոչ թե հռետորաբանությունն ուժեղացնելը, այլ այն հետևողականորեն վիճարկելը և կանխելը, որպեսզի այն ավելի խորը չարմատավորվի միջազգային խոսույթում, իսկ հետագայում՝ նաև առկա քաղաքական իրողություններում։
Հայաստանը ծանր գին է վճարել անցյալում բացահայտ հայտարարված մտադրություններն անտեսելու համար։ Կա հնարավորություն՝ հակազդելու այս քաղաքականությանը դիվանագիտության, ռազմավարական հաղորդակցության և հետևողական քաղաքական ուղերձների միջոցով։ Սա պետք է դառնա կենտրոնական խնդիր Հայաստանի կառավարության, քաղաքական կուսակցությունների, գիտնականների, քաղաքացիական հասարակության և սփյուռքի կազմակերպությունների համար՝ հստակ ցույց տալու, թե որն է վտանգը։
Պատումը մեկ գիշերվա մեջ չի վերածվում տարածքային պահանջի, սակայն թույլ տալը, որ այն արմատավորվի առանց պատասխանի, ավելի է դժվարացնում դրան հակազդելը հետագայում։ Սպառնալիքը հստակ է և իրական, և այն պետք է կանխել ժամանակին։
Հեղինակ՝ պատմական գիտությունների թեկնածու, Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյան
Հոդվածը հրապարակվել է «EVN Report» 2026 թ. սեպտեմբերի 4-ին։
[1] Հայաստանում ադրբեջանցիների այսպես կոչված «վերաբնակեցման» իրավական ուղիները փակ են։ Այսօր գոյություն չունի որևէ միջազգային դատական կամ իրավական ատյան, որտեղ Ադրբեջանը կարող է հետապնդել Հայաստան ադրբեջանցիների իբրև թե «վերադարձի իրավունքի» պահանջները։ Այս հարցը կապված է իրավական և ժամանակային սահմանափակումների հետ, որոնք արդեն իսկ քննության առարկա են դարձել երկու ամենահեղինակավոր միջազգային դատական մարմինների կողմից։ Նրանց որոշումները սահմանում են համապատասխան իրավական շրջանակն ու ժամկետները՝ որևէ հիմք չթողնելով Ադրբեջանի պահանջների համար։
«Սամադովն ընդդեմ Հայաստանի» գործով իր որոշման մեջ (գանգատ թիվ 36606/08, 26 հունվարի 2021 թ.) Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) անընդունելի ճանաչեց Քարվաճառում բնակված ադրբեջանցի դիմումատուի գանգատը։ Դատարանը նշեց, որ Հայաստանը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային միացել է 2002 թվականին, մինչդեռ դիմումատուն գանգատը ներկայացրել է միայն 2008 թվականին՝ առանց որևէ հիմնավորման, թե ինչու է պահանջը ներկայացնելու համար սպասել իբրև թե տեղի ունեցած խախտումից ավելի քան 15 տարի և Հայաստանի՝ Կոնվենցիային միանալուց վեց տարի։ Դատարանը գտավ, որ այս ուշացումները չափազանց մեծ են, և եզրակացրեց, որ գանգատը ներկայացվել է ժամկետանց։
Այս վճիռը հատկապես նշանակալի է, քանի որ 2021 թվականին Հայաստանի դեմ ներկայացրած իր միջպետական գանգատում Ադրբեջանը փորձել է բարձրացնել 1990-ականների սկզբին Հայաստանից և Արցախից հեռացած ադրբեջանցիների գույքային իրավունքներին վերաբերող պահանջներ։ Սամադովի գործով վճիռը հստակորեն հուշում է, որ նման պահանջները ևս կհամարվեին անընդունելի՝ չափազանց երկար ժամանակ անցնելու պատճառով։
Առավել կարևոր է, որ 2024 թ. նոյեմբերի 12-ի իր վճռով Արդարադատության միջազգային դատարանը (ԱՄԴ) որոշեց, որ իրավազորություն չունի քննելու 1993–1996 թվականների ժամանակահատվածին վերաբերող Ադրբեջանի պահանջները, ներառյալ ադրբեջանցիների իբրև թե տեղահանման վերաբերյալ պնդումները։ Այս պատմական պահանջներն իր իրավազորությունից բացառելով՝ ԱՄԴ-ն էլ ավելի սահմանափակեց այդ ժամանակահատվածի իրադարձությունների առնչությամբ Ադրբեջանին հասանելի իրավական ուղիները։
Միասին վերցրած՝ այս երկու վճիռները ցույց են տալիս, որ ներկայումս գոյություն չունի կենսունակ միջազգային իրավական ուղի, որի միջոցով Ադրբեջանը կամ առանձին ադրբեջանցի հայցվորներ կարող են հետապնդել 1990-ականների սկզբին ադրբեջանցիների տեղահանումից բխող գույքային իրավունքների պահանջներ։ Ցանկացած նման փորձ կբախվի ընդունելիության կամ իրավազորության լուրջ խոչընդոտների՝ հաշվի առնելով ՄԻԵԴ-ի և ԱՄԴ-ի հաստատված նախադեպային որոշումները։
[2] 2023 թվականի նոյեմբերի 17-ի իր վճռով Միջազգային դատարանը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի իրավունքը և հաստատել Ադրբեջանի պարտավորությունը՝ ապահովելու նրանց անհապաղ, անվտանգ և կամավոր վերադարձը։ Սա միջազգային իրավական ուժ ունեցող դատական ակտ է։
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը նույնպես նմանատիպ կոչ է արել և միջազգային մակարդակով ճանաչել այս իրավունքը։ ԵԽԽՎ-ն ևս անդրադարձել է այս հարցին։ Եվրոպական խորհրդարանը նույնպես ճանաչել է այս իրավունքը։ Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները, այդ թվում՝ Human Rights Watch-ը, նույնպես մտահոգություն են հայտնել այս հարցի վերաբերյալ։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: