Հայաստանի ու Լեհաստանի ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնման նախագիծը կուղարկվի ՍԴ

Քաղաքականություն

10.09.2026 | 17:34

Հայաստանի և Լեհաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագրի վավերացման նախագիծը Կառավարության՝ սեպտեմբերի 11-ի նիստի օրակարգում է։ Խոսքը 2026 թվականի փետրվարի 26-ին Վարշավայում ստորագրված՝ ՀՀ պաշտպանության նախարարության և Լեհաստանի ազգային պաշտպանության նախարարի միջև ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագրի մասին է։ Կառավարությունն այն հավանության կարժանացնի և կուղարկի Սահմանադրական դատարան՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու համար։

Եթե Սահմանադրական դատարանը համաձայնագրով նախատեսված պարտավորությունները ճանաչի Սահմանադրությանը համապատասխանող՝ նախագիծը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով։

Նոր համաձայնագրով նախատեսվում է սահմանել Հայաստանի և Լեհաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության հիմնական սկզբունքներն ու ընթացակարգերը՝ հավասարության, փոխադարձ հարգանքի և փոխշահավետության հիման վրա։

Փաստաթուղթը կարգավորում է համագործակցության ոլորտներն ու ձևերը, այդ թվում՝ գաղտնի տեղեկատվության պաշտպանության, ռազմատեխնիկական արտադրանքի երրորդ երկրներին վաճառքի և ստեղծվելիք համատեղ հանձնաժողովի գործունեության հետ կապված հարցերը։

Մինչ այժմ Հայաստանի և Լեհաստանի պաշտպանության ոլորտի համագործակցության իրավական հիմքը 2004 թվականի սեպտեմբերի 6-ին Վարշավայում ստորագրված համաձայնագիրն էր, որը Հայաստանի Ազգային ժողովը վավերացրել էր 2005 թվականի մարտին։

Կառավարության հիմնավորման համաձայն՝ նոր համաձայնագրի վավերացումը բխում է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրով նախատեսված զինված ուժերի բարեփոխումների ուղղությունից։

Արփի Հակոբյան

 

Leave a comment