«Հաստատակամ լավատեսությամբ առաջարկում եմ գործարկել Հայաստանի ֆինանսական հրթիռը՝ ապահովելու Հայաստանի Հանրապետության բեկումնային զարգացման ընթացքը»,- ԱԺ-ում այսօր՝ նոյեմբերի 18-ին, հայտարարեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Նախարարը Հայաստանի տնտեսական զարգացմանն ուղղված Կառավարության ֆինանսատնտեսական քաղաքականությունն է այսպես բնութագրում։ Ազգային ժողովում, սակայն, Վահե Հովհաննիսյանի գնահատականի հետ ոչ բոլորն են համաձայն։
Կառավարությունը 2027 թվականին 5,8 տոկոս տնտեսական աճ է կանխատեսում, անվանական ՀՆԱ-ն կկազմի շուրջ 13,614 միլիարդ դրամ։ Տարեվերջին Կառավարության պարտքը կանխատեսվում է շուրջ 6 տրիլիոն 447 միլիարդ դրամ կամ ՀՆԱ-ի 47,4%-ը։
«2021-2025 թվականներին մենք ունեցել ենք միջինում 7.9% տնտեսական աճ և կարող ենք ասել, որ բեկումնային այս զարգացումն իսկապես տեղի է ունեցել: 2021 թվականի համեմատ բյուջեի ծախսերը կրկնապատկվում են՝ հասնելով 4 տրիլիոն դրամի: Ի՞նչ է սա, եթե ոչ բեկումնային զարգացում»,- ներկայացրեց Վահե Հովհաննիսյանը։
2027 թվականին, ըստ նախարարի, անվանական ՀՆԱ-ն կրկնակի կգերազանցի 2021 թվականի ցուցանիշը․ թիվը ներառում է նաև կուտակային 23,8% գնաճը։
Վահե Հովհաննիսյանի ներկայացրած տվյալների համաձայն՝ 2021-2025 թվականներին աշխատավարձերի անվանական աճը կազմել է 49, իսկ գնաճը հաշվի առնելու դեպքում՝ շուրջ 29%։
2026 թվականի հունվար-սեպտեմբերին միջին ամսական աշխատավարձը գերազանցել է 312 հազար դրամը։ Նույն ժամանակահատվածում ակտիվ հարկ վճարողների թիվը գերազանցել է 155 հազարը։ Հովհաննիսյանը նաև նշել է, որ 2021-2025 թվականներին մեկ զբաղվածի հաշվով իրական արտադրողականությունն աճել է շուրջ 28%-ով։
«Աշխատավարձի հետագա կայուն աճը պետք է հենվի արտադրողականության բարձրացման, նոր տեխնոլոգիաների և բարձր ավելացված արժեք ստեղծող ներդրումների վրա»,- ասաց Հովհաննիսյանը։
Առողջապահության ոլորտին հաջորդ տարի նախատեսվում է հատկացնել 348 միլիարդ դրամ՝ 2026-ի համեմատ 136 միլիարդով ավելի։ Սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերը կկազմեն 1 տրիլիոն 84 միլիարդ դրամ՝ ավելանալով 91 միլիարդով, իսկ պաշտպանության ոլորտին նախատեսվում է հատկացնել 616 միլիարդ դրամ՝ նախորդ տարվա համեմատ շուրջ 53 միլիարդ դրամով ավելի։
«Ապահովագրության ծառայությունների գծով ընդհանուր ծախսերը կկազմեն շուրջ 276 միլիարդ դրամ, որը ներառում է 1 միլիոն 360 հազար անձի, այդ թվում՝ երեխաների, 65 և ավելի բարձր տարիքի և սոցիալական աջակցության համապատասխան խմբերի ընդգրկված անձանց, վարձու աշխատողներին և այլոց»,- նշեց նախարարը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է ստացվում, որ տնտեսական ցուցանիշներն աճում են, սակայն աղքատության մակարդակը շարունակում է մտահոգիչ մնալ։ Նաև հետաքրքրվեց՝ աշխատողներից քանի՞ տոկոսն է միջին, ցածր և նվազագույն աշխատավարձ ստանում։ Նախարարն ասաց՝ տվյալները չի հիշում, սակայն մեկ այլ կարևոր փաստ հիշեց։
«Չգիտեմ՝ քանի հոգի է նվազագույն աշխատավարձ ստանում, բայց ես ինչքան հիշում եմ, օրինակ, պարոն Կարապետյանը մինչև Ազգային ժողովի պատգամավոր լինելը նվազագույն աշխատավարձ էր ստանում»,- ասաց Հովհաննիսյանը։
Ի պատասխան՝ Մանուկյանը նշեց․ «Ողջունելի է, որ դուք Նարեկ Կարապետյանի աշխատավարձի չափը գիտեք, բայց անհասկանալի է, որ մեր երկրի տնտեսության թվերը չգիտեք։ Այդ որ հանձնարարելու եք՝ ինձ թվերն ուղարկեն, շատ եմ խնդրում, հանձնարարեք՝ մի հատ էլ ձեզ տան, որ հա՛մ դուք իմանաք, հա՛մ ես իմանամ»։
ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանը հակադարձեց Մանուկյանին՝ աղքատության ցուցանիշը նվազել է, շուրջ մեկ ամիս հետո վիճակագրությունը կհրապարակվի։
Քննարկումներ եղան նաև Երևանին տրամադրվող բյուջեի ավելացման մասին․ «Այդպես խոսք կա հումորային, ասում են՝ բյուջեն վերմակի նման բան է, ով փորձում է իր կողմը քաշել, մյուսի ոտքերը բաց են մնում։ Հիմա, իմ կարծիքով, պետք է գտնել ինչ-որ հավասարակշռված լուծում, որ մենք ո՛չ տարածքային համաչափ զարգացմանը վնասենք, ո՛չ էլ Երևանի զարգացմանը»։
«Հա՛, ո՞ւմ ոտքերը պիտի սառի։ Հիմա եթե կա առաջարկ այն մասին, թե ինչպես քաշել այդ վերմակը, մենք սիրով դա կքննարկենք»,- ասաց Հովհաննիսյանը։
Կառավարությունից ստացվող ֆինանսավորման չափից երկուշաբթի բողոքել էր նաև քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Անդրադառնալով Արտաշատի խճուղին Նորագավթի 1-ին փողոցին կապող տրանսպորտային հանգույցի կառուցմանը՝ քաղաքապետն ասել էր, որ նման նշանակության ճանապարհների ֆինանսական բեռը չպետք է դրվի միայն Երևանի քաղաքապետարանի վրա։
«Չեն ուզում ծրագիրը ֆինանսավորեն, թող ուղիղ քաղաքապետարանին ֆինանսավորեն։ 2027 թվականին 10 միլիարդ դրամը ո՞րն է, 2,7 միլիարդ դրամ սուբսիդիան Երևան քաղաքին ո՞րն է, երբ կա 16 համայնք, որ Երևան քաղաքի բնակչությունից տասն քանի անգամ ավելի պակաս են և ավելի գումար են ստանում: Երևանը 17-րդ համայնքն է այդ շարքում»,- հայտարարել էր նա։
Արժույթի միջազգային հիմնադրամը և ֆինանսների նախարարը համակարծիք են բյուջեի պակասուրդի նվազեցման և պետական ֆինանսների հարաբերական կայունության հարցում, սակայն նախարարության և հիմնադրամի հաշվարկներում տարբերություն կա միջնաժամկետ տնտեսական աճի կանխատեսումների հարցում։
ԱՄՀ-ն կանխատեսում է, որ միջնաժամկետ հեռանկարում Հայաստանի տնտեսական աճը կկայունանա շուրջ 5%-ի մակարդակում, իսկ գործադիրը 6%-ի մակարդակ է կանխատեսում։
Հիմնադրամը նաև կանխատեսում է, որ 2026 թվականի տարեվերջին գնաճը կհասնի 4,8%-ի՝ գերազանցելով Կենտրոնական բանկի 3% նպատակային ցուցանիշը։ ԱՄՀ-ի գնահատմամբ՝ ընթացիկ հաշվի պակասուրդը կկազմի ՀՆԱ-ի 8,5%-ը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Եվգենյա Համբարձումյան