Սյունիքում քննարկվել են ԱՄՆ Խաղաղության կորպուսի հետ համագործակցության ընդլայնման հեռանկարները

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը սեպտեմբերի 10-ին ընդունել է ԱՄՆ Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի տնօրեն Ուիլիամ Օ’Ռոարքին ու ծրագրերի և վերապատրաստումների գծով տնօրեն Անդրե Բոյերին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են մարզում Խաղաղության կորպուսի կամավորների ներկայության ընդլայնման, համայնքների հետ սերտ համագործակցության և առաջիկա ծրագրերի իրականացման հարցեր։

Ռոբերտ Ղուկասյանը վերահաստատել է մարզպետի աշխատակազմի պատրաստակամությունը աջակցելու Խաղաղության կորպուսի ծրագրերի արդյունավետ իրականացմանը և տեղում կամավորների ինտեգրմանը։

«Ձեր կամավորների աշխատանքը դրական ազդեցություն է ունենում մեր համայնքների, հատկապես՝ գյուղական բնակավայրերի կյանքում։ Կանենք առավելագույնը՝ աջակցելու այս կարևոր առաքելությանը», – նշել է մարզպետը։

Այս պահին Սյունիքում արդեն իսկ գործունեություն են ծավալում Խաղաղության կորպուսի 7 կամավորներ։ 2027 թվականին նախատեսվում է կամավորների նոր խմբի տեղաբաշխում մարզի տարբեր համայնքներում, այդ թվում՝ Կապանում։

Խաղաղության կորպուսի ծրագրերն ուղղված են երիտասարդության զարգացմանը, անգլերենի դասավանդմանը, համայնքների կարողությունների հզորացմանն ու տնտեսական ակտիվության խթանմանը։

Կորպուսի ներկայացուցիչներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել ջերմ ընդունելության և համագործակցության պատրաստակամության համար։

ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմ

Leave a comment