Բյուրեղավանում խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել աղիքային վարակներից հետո

Համաճարակաբանական հետազոտությունը շարունակվում է


ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի․ /ԱՌԿԱ/․ Սեպտեմբերի 6-ի երեկոյան Բյուրեղավան համայնքից աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության են դիմել քաղաքացիներ:

Ինչպես հայտնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային կենտրոնից, սեպտեմբերի 7-ի առավոտյան Բյուրեղավան քաղաքում ՀՎԿԱԿ-ի մասնագետների կողմից իրականացվել են նմուշառումներ. խմելու ջրից և հիվանդներից վերցվել են կենսանմուշներ հետագա լաբորատոր հետազոտությունների համար։

Խմելու ջրի նմուշառումներն իրականացվել են 2 փուլով. առավոտյան վերցվել է խմելու ջրի 16 նմուշ և 25 կենսանմուշ, իսկ նույն օրվա երեկոյան՝ խմելու ջրի ևս 19 նմուշ։

«Այս պահի դրությամբ խմելու ջրի վերցված բոլոր նմուշներում որևէ անհամապատասխանություն չի արձանագրվել։ Հետազոտված 25 կենսանմուշում ևս վարակիչ հիվանդությունների հարուցիչներ չեն հայտնաբերվել», – նշված է հաղորդագրության մեջ։

ՀՎԿԱԿ-ից հայտնում են, որ համաճարակաբանական հետազոտությունը շարունակվում է։ Մշտադիտարկման նպատակով իրականացվող նմուշառումները կրելու են շարունակական բնույթ:

ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային կենտրոնը հետևում է իրավիճակին։ Լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի անհրաժեշտության դեպքում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 6-ին Բյուրեղավան համայնքից աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության են դիմել նախնական տվյալներով 6 քաղաքացի։


Բյուրեղավանում արձանագրված դեպքերի մասին


Բյուրեղավանում աղիքային վարակների առաջին դեպքերը գրանցվել են 2026 թվականի ապրիլի 21-ին։ Հաջորդ օրը հաղորդվեց, որ շուրջ 30 շտապ հաղորդում է ստացվել, 11 քաղաքացի հոսպիտալացվել է, իսկ մյուսները բուժում են ստացել տնային պայմաններում։ Բնակիչները գանգատվել էին սրտխառնոցից, փսխումից, փորլուծությունից և բարձր ջերմությունից։ Համաճարակաբանական հետազոտության շրջանակում սկսվել էր նաև խմելու ջրի նմուշառում։


Ապրիլի 23-ին «Վեոլիա Ջուր»-ը հայտարարեց, որ իր իրականացրած հետազոտություններով Բյուրեղավանի խմելու ջրում շեղումներ չեն հայտնաբերվել։ Սակայն ապրիլի 28-ին ՀՎԿԱԿ-ը հայտնեց, որ խմելու ջրի նմուշներում հայտնաբերվել են կոլիֆորմ մանրէներ, իսկ հիվանդներից վերցված կենսաբանական նմուշներում՝ ռոտավիրուս, ադենովիրուս և կոլի խմբի որոշ ախտածիններ։ Այդ պահին նոր դեպքեր չէին արձանագրվում, և կենտրոնը հայտնել էր բռնկման մարման մասին։


Հուլիսի 17-ին Բյուրեղավանում կրկին արձանագրվեցին աղիքային վարակի դեպքեր․ շտապօգնությունը մեկ գիշերվա ընթացքում ստացել էր 15 կանչ, որոնցից 6-ն ավարտվել էր հոսպիտալացմամբ։ Նույն օրը «Վեոլիա Ջուր»-ը կրկին հայտարարեց, որ իր ուսումնասիրություններով խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել։


Հուլիսի 20-ին ՀՎԿԱԿ-ը հայտնեց, որ վերցված ջրի 14 նմուշներից 3-ում շեղումներ են արձանագրվել, իսկ հուլիսի 24-ին՝ որ կրկնակի վերցված երկու նմուշներում հայտնաբերվել են ընդհանուր կոլիֆորմ մանրէներ։ Այդ ժամանակ նոր հիվանդացության դեպքեր արդեն չէին արձանագրվում, հոսպիտալացվածներից երկուսը շարունակում էին բուժումը, իսկ մյուսները դուրս էին գրվել։


Հուլիսի 29-ին արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը հայտարարեց, որ մի շարք բնակիչների անունից պատրաստվում է բանակցություններ վարել «Վեոլիա Ջուր»-ի հետ և անդրադարձավ հնարավոր խմբային հայցին։ Նա իր ներկայացրած փորձաքննությունների արդյունքներով ջրի աղտոտվածությունը կապեց բնակիչների հիվանդացության հետ, սակայն նման ուղիղ պատճառահետևանքային կապ պաշտոնական մարմինների հրապարակումներում վերջնականապես հաստատված չէ։

Leave a comment