1,35 տրիլիոն դոլարանոց խոստում․ Թրամփն առաջարկում է 5,000-ական դոլար բաժանել ընտրություններում հաղթելու դեպքում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Դալասում ընթացող Հանրապետական կուսակցության նախընտրական համագումարում հանդես է եկել աղմկահարույց հայտարարությամբ՝ խոստանալով ԱՄՆ յուրաքանչյուր չափահաս քաղաքացու վճարել 5,000 դոլար, եթե հանրապետականները նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրություններում պահպանեն վերահսկողությունը Կոնգրեսի երկու պալատներում: «Թրամփի դիվիդենտ» անվանումը ստացած այս առաջարկի ընդհանուր արժեքը գնահատվում է շուրջ 1,35 տրիլիոն դոլար։  

Գրեթե երկու ժամ տևած իր ելույթում Թրամփն ընտրողներին կոչ է արել քվեարկության ժամանակ «պատկերացնել, թե քվեաթերթիկում հենց իր անունն է»։ Այս քայլն ընդգծում է Հանրապետական կուսակցության լուրջ մտահոգությունները սպասվող ընտրությունների ելքի վերաբերյալ․ հասարակական կարծիքի հարցումները ցույց են տալիս, որ նախագահի վարկանիշը գտնվում է 38%-ի մակարդակում, ինչի պատճառով մի շարք հանրապետական թեկնածուներ նույնիսկ խուսափել են մասնակցել համագումարին։  

Թրամփն իր ելույթում անդրադարձել է նաև Իրանի դեմ ընթացող ռազմական գործողություններին՝ զգուշացնելով Թեհրանին «հեռու մնալ սադրանքներից», ինչպես նաև ընդունել է նավթի գների աճով պայմանավորված տնտեսական բարդությունները։ Բացի այդ, նա քննադատության է ենթարկել Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներին՝ հայտարարելով, թե դեմոկրատների հաղթանակի դեպքում երկիրը կկորցնի սահմանային անվտանգությունն ու տնտեսական ձեռքբերումները։  

Դեմոկրատական կուսակցության Ազգային կոմիտեի նախագահ Քեն Մարտինն արձագանքել է Թրամփի ելույթին՝ այն որակելով որպես սեփական ինքնասիրությունը բավարարելու փորձ և նշելով, որ նախագահն իր կուսակցությանը տանում է դեպի ընտրական պարտություն։ Իրավաբաններն ու քաղաքագետներն արդեն իսկ բարձրացնում են առաջարկված «դիվիդենտի» օրինականության և ֆինանսավորման աղբյուրների հարցը։  

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment