Porsche-ն 1 միլիարդ եվրոյով վաճառել է Bugatti-ի և Rimac-ի իր մասնաբաժինները

Volkswagen Group-ի կազմի մեջ մտնող գերմանական Porsche ընկերությունն ավարտին է հասցրել Bugatti և Rimac ապրանքանիշերի վաճառքի գործարքը։ Գերմանական ավտոարտադրողը վաճառել է Bugatti ապրանքանիշը վերահսկող ընկերության 45 տոկոս բաժնեմասը, ինչպես նաև էլեկտրամոբիլներ արտադրող հորվաթական Rimac-ի 21 տոկոս մասնաբաժինը։ Գործարքի ընդհանուր արժեքը կազմել է 1 միլիարդ եվրո, իսկ գնորդն է ամերիկյան HOF Capital հիմնադրամի գլխավորած ներդրողների կոնսորցիումը։

Bugatti Rimac համատեղ ձեռնարկությունը ձևավորվել էր 2021 թվականին Porsche-ի և Rimac-ի համագործակցության արդյունքում, որի շրջանակում Bugatti-ի նկատմամբ վերահսկողությունը փոխանցվել էր հորվաթական կողմին։ Ընկերություններում ունեցած սեփական ակտիվները վաճառելու մտադրության մասին Porsche-ն հայտարարել էր դեռևս ընթացիկ տարվա ապրիլին։

Reuters գործակալության փոխանցմամբ՝ ակտիվների վաճառքը նպատակ ունի օգնել ընկերությանը կենտրոնանալու իր հիմնական արտադրական ծրագրերի վրա։ Քայլը պայմանավորված է Չինաստանի շուկայում Porsche-ի ավտոմեքենաների պահանջարկի անկմամբ և էլեկտրամոբիլների անցման ռազմավարության ձախողմամբ։ Դեռևս 2025 թվականի սեպտեմբերին ընկերությունը հայտարարել էր էլեկտրամոբիլների նոր մոդելային շարքի թողարկումից հրաժարվելու և ծրագրային հարթակի մշակումը հետաձգելու մասին, ինչի հետևանքով կրել էր շուրջ 4,7 միլիարդ եվրոյի վնաս։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment