Խաչատրյանին կրկին պատգարակով են բերել դատարան․ Պաշտպանները նրա առողջության հարցով դիմել են ՄԻԵԴ

Գագիկ Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը հայտնել է նախկին պաշտոնյայի առողջական վիճակի վատացման մասին՝ նշելով, որ պաշտպանական կողմն այդ հարցով արդեն դիմել է ՄԻԵԴ։

ՀՀ ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը նրա կալանքի պայմաններում առողջական վիճակի հետ կապված լուրջ վտանգներ է արձանագրել և այդ հարցով արդեն դիմել է ՄԻԵԴ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Այդ մասին ասել է Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը:

Նա նշել է նաև, որ նախկինում պաշտպանական կողմը փորձել է հնարավորինս չհրապարակել նրա առողջությանը վերաբերող մանրամասները, սակայն այժմ որոշել է ներկայացնել դրանք, քանի որ, իրենց գնահատմամբ, իրավիճակն արդեն վտանգավոր է դարձել Խաչատրյանի առողջության և կյանքի համար, հայտնում է Sputnik Արմենիան:

Խաչատրյանին կրկին պատգարակով են դատարան տարել:

«Մենք կարծում ենք, որ այս իրավիճակում Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում է տեղի ունենում, որը խոշտանգումների, դաժան և անմարդկային վերաբերմունքի արգելքն է»,– ասել է Սարգսյանը։

Փաստաբանը պնդել է, որ դեռևս 2019 թվականից Խաչատրյանի առողջական վիճակի վերաբերյալ բազմաթիվ բժշկական փաստաթղթեր են կազմվել։ Նրա ներկայացրած տեղեկությունների համաձայն՝ այդ ժամանակահատվածում առողջապահության նախարարի հրամաններով երեք բժշկական կոնսիլիում է անցկացվել, ինչպես նաև երեք դատաբժշկական եզրակացություն է տրվել։ Սարգսյանի խոսքով՝ դրանցում արձանագրվել է, որ Խաչատրյանը վիրահատության կարիք ունի, և այն անհրաժեշտ է իրականացնել արտերկրում։

« 2026 թվականի վերջին դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ չի վիճարկվել, որ Խաչատրյանն ունի բազմաթիվ հիվանդություններ։ Պաշտպանական կողմը, սակայն, համաձայն չէ այդ փորձաքննության մյուս գնահատականների հետ»,– նշել է փաստաբանը։

Սարգսյանը կրկին անդրադարձել է նաև ՄՌՏ հետազոտություններին՝ հակադարձելով այն պնդումներին, թե Խաչատրյանը չի անցել դատախազության պահանջած անհրաժեշտ հետազոտությունը։ Նրա փոխանցմամբ՝ 2019 թվականից ի վեր քննության կողմի պահանջով Խաչատրյանը մոտ 6–7 ՄՌՏ հետազոտություն է անցել, այդ թվում՝ 2020, 2021 և 2025 թվականներին։ Բացի այդ, Խաչատրյանը սեփական նախաձեռնությամբ ևս մոտ 5–6 ՄՌՏ հետազոտություն է անցել։ Փաստաբանը պնդել է, որ քննության կողմի տրամադրության տակ են այդ բոլոր հետազոտությունների արդյունքները։

Միաժամանակ Սարգսյանը հաստատել է, որ Խաչատրյանը չի անցել 2026 թվականի հուլիսին նշանակված վերջին ՄՌՏ հետազոտությունը։ Փաստաբանը դա պայմանավորել է առողջական ռիսկերով։

«Առողջական վիճակով պայմանավորված՝ Խաչատրյանը ՄՌՏ հետազոտությունն անցնում է դեղորայքային քնեցմամբ կամ անզգայացմամբ, ռիսկ է ստեղծվում։ «Աստղիկ» բժշկական կենտրոնում քննիչի ներկայությամբ բժշկին հարցեցի՝ կարո՞ղ է երաշխավորել, որ ևս մեկ նման հետազոտությունը չի վատացնի Խաչատրյանի վիճակը, սակայն բժիշկը նման երաշխիք չտեց։ 10-ից ավելի անգամ ՄՌՏ ենք անցել։ Ասացինք՝ ամեն անգամ ձեր ուզածով հետազոտություն ենք անցնում, բայց այլևս չենք ուզում, որ նրա վիճակը վատանա։ Վերցրեք արդեն առկա հետազոտությունները և դրանք հիմք ընդունեք»,– շարունակել է Սարգսյանը։

Նա հիշեցրել է նաև 2026 թվականի հունիսի 5-ին և 7-ին տեղի ունեցած դեպքերը։ Պաշտպանական կողմի ներկայացմամբ՝ հունիսի 5-ին Խաչատրյանին պատգարակով տեղափոխել են Քննչական կոմիտե, այնուհետև՝ դատարան՝ ոչ բժշկական մեքենայով։ Հունիսի 7-ին նրան կրկին տեղափոխել են։ Սարգսյանի փոխանցմամբ՝ այդ ժամանակ Խաչատրյանի առողջական վիճակն արդեն զգալիորեն վատացել էր։

Փաստաբանը շեշտել է, որ տարիներ շարունակ նոր փորձաքննություններ ու հետազոտություններ նշանակելը հիմնավորված չէ, քանի որ նախորդ ուսումնասիրություններն արդեն արձանագրել են վիրահատության անհրաժեշտությունը։

«Գիտենք, որ վիրահատության կարիք կա, գիտենք, որ առանց վիրահատության հիվանդությունը չի բուժվում, բայց ամեն անգամ ասում են՝ մի հետազոտություն էլ անցեք։ Մինչև ե՞րբ պետք է նույն բանը ապացուցենք»,– ասել է Սարգսյանը։

Սարգսյանի գնահատմամբ՝ քննության կողմի նման գործելակերպը չարաշահում է։ Նա նաև հայտնել է, որ նախկինում ինքն է Խաչատրյանին հորդորել այլևս հերթական հետազոտությունները չանցնել, սակայն Խաչատրյանը համաձայնել է դրանց՝ ակնկալելով, որ արդյունքներից հետո իր առողջական վիճակի վերաբերյալ կասկածներ չեն մնա։

Սեպտեմբերի 1-ին փաստաբանական խումբը հայտնել էր, որ դեռ 2015 թվականին Խաչատրյանի մոտ ողնաշարի ստենոզ է ախտորոշվել։ Նրա ողնաշարում հատուկ իմպլանտներ են տեղադրված, որոնք, փաստաբանների պնդմամբ, Հայաստանում չեն կիրառվում։ Պաշտպանների փոխանցմամբ՝ Գագիկ Խաչատրյանն ունի նաև շաքարային դիաբետ, ուսահոդի, շագանակագեղձի և սրտի հետ կապված խնդիրներ։

ՊԵԿ նախկին նախագահը սեպտեմբերի 2-ից կալանքի տակ է: Պաշտպանական կողմի տեղեկությունների համաձայն՝ մինչ օրս նրան բժիշկ չի այցելել, իսկ փաստաբանները նրան տեսակցել են խցում։ ՄԻՊ միջամտությամբ ապահովվել է խնամող անձ, որը սահմանափակ այցելությունների ժամանակ օգնում է Խաչատրյանին սնունդ ընդունել։

Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար։

Leave a comment