«Շատ դժվար հարց է դա։ Ներկա պահի մասին խոսելիս՝ ներկա պահը պատրաստության պահն է, իրականության պահը միգուցե մի քիչ ավելի ուշ է։ Բայց ես պահանջն էլ եմ տեսնում, հնարավորությունն էլ եմ տեսնում, իրականացնելու ձևն ու կերպն էլ եմ տեսնում»,– «18 արդարների» գործով նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ սրբազանը՝ պատասխանելով հարցին՝ ներկա պահին Հայաստանում իշխանափոխության հնարավորություն տեսնո՞ւմ է։
Ըստ սրբազանի, որքան էլ ուզում են ասել՝ հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունները ցուցանիշ են իշխանության վստահելիության առումով, բայց ժողովուրդը 51 տոկոսով՝ մեծամասնությամբ, մերժել է իրենց, իսկ դա ահռելի մեծ թիվ է․ «Եվ ես տեսնում եմ մարդկանց ներքին ընդվզումը, որքան որ կարողանում եմ շփվել։ Թեկուզև որոշներն ասում են՝ ներքին հուսահատություն, հուսալքություն, այդ հուսահատությունն ու հուսալքությունն են նույնիսկ բերում ընդվզումի, որովհետև մարդը հայտնվում է մի այնպիսի իրավիճակում, երբ իր համար որոշակի ծրագիր, նպատակ, գաղափար է դառնում այս իշխանությունից ազատվելը։ Հետևաբար, ես դա էլ եմ տեսնում, կայծի հնարավորությունն էլ եմ տեսնում»։
Սրբազանը նաեւ հավելեց․ «Ընդդիմությունը՝ խորհրդարանական, արտախորհրդարանական, բոլոր տեսակի՝ մեծ և փոքր տարաձայնությունները, ժամանակին ինչ-ինչ կարևորություն ունեցող հարցերը պետք է մի կողմ թողնեն, որովհետև, ինչպես Սուրբ գիրքն է ասում՝ մեր կործանումը համընդհանուրի կործանում է, իմ ու քո-ի խնդիր չկա։ Այս պահի հիմնական խնդիրը քաղաքական բանտարկյալների ազատ արձակման խնդիրն է, չի կարելի կղզյակ-կղզյակ գործել։ Համակարգված, ուղղակիորեն թիրախավորված գործունեություն պիտի լինի՝ քաղբանտարկյալներին ազատելու հարցով»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: