Աջափնյակում մոտ 40 ինքնակամ շինություն է ապամոնտաժվել (PAN.am)

Աջափնյակի Շինարարների փողոցում արդեն ապամոնտաժվել է մոտ 40 ինքնակամ շինություն, իսկ սեփականության գրանցված իրավունք ունեցող կառույցները չեն քանդվել։ Այդ մասին հայտնել է վարչական շրջանի ղեկավար Սերոբ Սարգսյանը, հայտնում է Factor.am-ը:

Նրա փոխանցմամբ՝ գործընթացն իրականացվում է փուլային եղանակով։ Առաջին փուլում Առաքելյան փողոցից մինչև Էստոնական փողոց ընկած հատվածում ապամոնտաժվել է 13 ինքնակամ կառույց, իսկ երկրորդ փուլում աշխատանքները տարածվել են մինչև Քըրք Քըրքորյան փողոց։ Թաղապետի տվյալներով՝ ընդհանուր առմամբ փողոցի ամբողջ երկայնքով արդեն քանդվել է մոտ 40 ինքնակամ շինություն և մի քանի ծածկ՝ շվաքարան։

Սերոբ Սարգսյանը հայտնել է, որ ապամոնտաժված կառույցները որևէ կարգավիճակ կամ վարձակալության պայմանագիր չեն ունեցել։ Դրանք կառուցված են եղել ընդհանուր օգտագործման տարածքներում, կանաչապատման գոտիներում կամ մայթերի վրա։ Չեն ապամոնտաժվել միայն այն շինությունները, որոնց նկատմամբ գրանցված սեփականության իրավունք է եղել։

«Տնտեսվարողներին նախապես բանավոր զգուշացրել ենք, ապա տրամադրել համապատասխան որոշումները։ Թեև ոչ ոք ուրախ չէ իր շինության ապամոնտաժման համար, սակայն որևէ կոնֆլիկտ չի եղել․ շատերը նույնիսկ մեր աշխատանքներից 3-4 օր առաջ իրենց նախաձեռնությամբ էին սկսել ապամոնտաժումը»,- պարզաբանել է թաղապետը։

Վարչական շրջանի ղեկավարը նաև տեղեկացրել է, որ քաղաքացիներից բազմաթիվ բողոքներ և դիմումներ են ստացվել՝ հանրային տարածքները վերադարձնելու պահանջով։

Ապամոնտաժման և տարածքների մաքրման աշխատանքներն ավարտելուց հետո ազատված հատվածներում նախատեսվել է բարեկարգման ու կանաչապատման աշխատանքներ իրականացնել, ծառեր տնկել, ինչպես նաև վերականգնել հետիոտների համար նախատեսված մայթերը։

Բնակիչների մի մասը գոհ է ապամոնտաժման աշխատանքներից, չնայած, որ այս պահին ամբողջ փողոցը փոշի է ու շինաղբ։ Մի մասն էլ նշում է, որ ամեն դեպքում այդ կրպակները հարմար էին առևտուր անելու համար, որևէ մեկին էլ դրանք չէին խանգարում, հայտնում է Sputnik Արմենիան:

Քաղաքացիներից մեկն էլ դժգոհել է կատարվող աշխատանքներից` նշելով, որ սա հարված է փոքր ու միջին բիզնեսներին, ինչպես նաև մի շարք քաղաքացիներ առանց աշխատանքի են մնացել։

Ապամոնտաժման աշխատանքներ իրականացվելու են նաև Կենտրոն վարչական շրջանում։ Առաջիններից մեկը Մոսկովյան փողոցում մոտ 20 տարի գործող ծաղկի խանութն է, որտեղից վաղ առավոտից տարածքի տերը դուրս է բերում իր գույքը։

Leave a comment