ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին կրկին պատգարակով ՀՀ հակակոռուպցիոն դատարան են տարել։ Ինչպես հայտնում է նրա պաշտպանական թիմը, թիվ 2 դատական դահլիճում ընթանում է Խաչատրյանի գործով դատական նիստը։
«Նիստին շտապօգնության բժիշկների և քրեակատարողական ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ բերվել է նաև 71-ամյա Գագիկ Խաչատրյանը, որը չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել»,- հայտնում են պաշտպանները, որոնք հորդորում են ԶԼՄ-ներին գալ դատարան և ականատես լինել, թե ինչ իրավիճակում է Խաչատրյանը մասնակցում դատական նիստին։
Հիշեցնենք, որ ՊԵԿ նախկին նախագահը սեպտեմբերի 2-ից պահվում է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում։ Պաշտպանական կողմի տեղեկությունների համաձայն՝ նրան մինչ օրս բժիշկ չի այցելել, փաստաբանները նրան տեսակցել են խցում։ Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ ապահովվել է խնամող անձ, որը սահմանափակ այցելությունների ընթացքում օգնում է նրան սնունդ ընդունել։
Խաչատրյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մեջ։