Սև ծովում օտարերկրյա բեռնատար «TEDY» նավի վրա անօդաչու թռչող սարքերով իրականացված հարձակման հետևանքով զոհվել են Ադրբեջանի երկու քաղաքացիներ, ևս երկուսը վիրավորվել են, հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։
Նավի վրա հարձակումն իրականացվել է սեպտեմբերի 9-ին. անձնակազմի կազմում եղել են նաև Ադրբեջանի քաղաքացիներ։
Միջադեպի հետևանքով զոհվել են Ասլան Ալիեւը և Ասիմ Գասիմովը։ Իմրան Նովրուզովը և Ռաուֆ Ալիեւը վիրավորվել են և հոսպիտալացվել Ուկրաինայի Չոռնոմորսկ քաղաքի հիվանդանոցում։
Ադրբեջանի ԱԳՆ-ն համակարգում է գործողությունները երկրի դիվանագիտական ներկայացուցչությունների և շահագրգիռ պետությունների համապատասխան մարմինների հետ։
Նախատեսվում է, որ բուժզննումից և բուժումից հետո վիրավոր քաղաքացիները կվերադառնան Ադրբեջան։ Նախարարությունը նաև քայլեր է ձեռնարկում անհրաժեշտ հյուպատոսական աջակցություն ցուցաբերելու և զոհվածների մարմինների հետ կապված ընթացակարգերն իրականացնելու ուղղությամբ։
«Մենք ևս մեկ անգամ կոչ ենք անում Ադրբեջանի քաղաքացիներին զերծ մնալ այնպիսի տարածաշրջաններ մեկնելուց, որտեղ ընթանում են ռազմական գործողություններ կամ անվտանգության իրավիճակը մնում է անկայուն, ինչպես նաև այդ տարածքներում աշխատելուց և նման երթուղիներով շահագործվող տրանսպորտային միջոցներում (այդ թվում՝ նավերում) աշխատելուց», – ասված է նախարարության հայտարարության մեջ։