Հարավային Կորեայի կառավարությունը պատրաստվում է հայտարարել ԱՄՆ էներգետիկ ոլորտում խոշոր ներդրումային ծրագրի մասին (ավելի քան 100 միլիարդ դոլար արժողությամբ), որն ուղղված է արհեստական բանականության ենթակառուցվածքների զարգացմանը, հայտնել է «The Wall Street Journal»-ը։
Խնդրին ծանոթ աղբյուրները նշել են, որ գործարքը ենթադրում է Հարավային Կորեայի կողմից մինչև ութ ատոմային էլեկտրակայանի կառուցման և բնական գազով աշխատող էլեկտրաէներգիայի արտադրության նախագծի ֆինանսավորում։
Հարավային Կորեայի առևտրի նախարարությունը հայտնել է, որ ԱՄՆ-ում նախատեսվող ներդրումների մանրամասները դեռ վերջնական տեսքի չեն բերվել։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Հարավային Կորեայի նախագահ Լի Ջե Մյոնգը 2025 թվականի հոկտեմբերին առևտրային համաձայնագիր էին ստորագրել, որով Հարավային Կորեան պարտավորվել էր 350 միլիարդ դոլարի ներդրում կատարել ԱՄՆ արտադրական ոլորտում։ Դրա դիմաց Վաշինգտոնը համաձայնել էր սահմանափակել հարավկորեական ներմուծման մաքսատուրքերը՝ սահմանելով դրանց առավելագույն շեմը 15 տոկոսի մակարդակում։
Սակայն դրանից հետո Սեուլը բախվել է համաձայնագրի իրականացման հետ կապված ձգձգումների, ինչի պատճառով Թրամփը դեռ այս տարվա սկզբին սպառնացել էր բարձրացնել հարավկորեական ապրանքների մաքսատուրքերը։
Ըստ The Wall Street Journal-ի ենթադրել է, որ հարավկորեական ներդրումներն իրականացվելու են մի քանի տարվա ընթացքում։
Գործարքը նախատեսում է մինչև ութ միջուկային ռեակտորի կառուցում Միացյալ Նահանգներում։ Ակնկալվում է, որ առաջին ռեակտորը կկառուցվի ամերիկյան Westinghouse Electric ընկերության նախագծով, մինչդեռ հաջորդող ռեակտորներից մի քանիսը կարող են կառուցվել հարավկորեական KEPCO ընկերության նախագծերի հիման վրա։
Նախատեսվում է նաև մեկ այլ ներդրում՝ մոտ 20 միլիարդ դոլար արժողությամբ, որն ուղղվելու է Տեխասում բնական գազով աշխատող էլեկտրակայանի կառուցմանը։
Ըստ WSJ-ի՝ այդ էլեկտրակայանը էլեկտրաէներգիա է մատակարարելու արհեստական բանականության տվյալների կենտրոններին։