«Արզնի ակվա»-ն և հայկական պայուսակներ արտադրող ընկերությունը մաքսատուրքերից կազատվեն

Կառավարությունը մի քանի ընկերությունների մաքսատուրքերից կազատի:

Սեպտեմբերի 11-ի կառավարության նիստի օրակարգում չզեկուցվող հարցով «Արզնի ակվա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը մաքսատուրքերից ազատվելու արտոնություն կստանա:

Ըստ կառավարության հիմնավորման՝ ներդրումային ծրագրի շրջանակներում, մինչև 2027 թվականը ընկած ժամանակահատվածում, ընկերությունը նախատեսվում է ստեղծել 35 նոր աշխատատեղ՝ 250 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 3․7 մլրդ դրամ: Պետբյուջեից էլ ընկերության մաքսատուրքից ազատման համար 277 մլն դրամ կհատկացնի:

Կառավարության նիստում ներառված մեկ այլ չզեկուցվող հարցով «Արտ Գլոբալ» ՍՊԸ-ն էլ 16․7 մլն դրամով մաքսատուրքից կազատվի:

Հիմնավորման համաձայն՝  ներդրումային ծրագրի շրջանակներում, մինչև 2027 թվականը ընկած ժամանակահատվածում, այս ընկերությունը  նախատեսվում է ստեղծել 15 նոր աշխատատեղ՝ 253 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով: Ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել վենդինգային սարքավորումների համար նախատեսված լուծվող կապուչինոների, թեյի, շոկոլադի և կաթի սպիտակուցով փոշե հումքատեսակների արտադրության համար։ Արտադրանքը շուկայում ներկայացվելու է «Արտ Գլոբալ» ՍՊԸ-ին պատկանող «DOLCE» ապրանքանիշի ներքո։

Ծրագիրն իրականացվելու է Երևան քաղաքում:

Պայուսակների արտադրությամբ հայտնի «Արմատ բեգս»-ին ևս կառավարությունն արտոնություն կտա, որը գնահատվում է 4.6 մլն դրամ։

Ներդրումային ծրագրի շրջանակներում, մինչև 2027 թվականը ընկած ժամանակահատվածում,  «ԱՐՄԱՏ ԲԵԳՍ»-ը նախատեսվում աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 30-ի՝ 107 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Հիմա ընկերությունը 26 աշխատող ունի: «Արմատ Բեգս» պայուսակների հայկական արտադրությամբ և խանութների ցանցով զբաղվող բիզնեսը գրանցված է որպես «Հրայր Դավթյան» անհատ ձեռներեցի անունով:

Leave a comment