Բենզինի գները Հայաստանում՝ ադրբեջանական բենզինի ներմուծման ֆոնին

Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 21-ին կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասխանի ընթացքում հայտարարել էր, թե Ադրբեջանից բենզինի ներմուծման արդյունքում Հայաստանում բենզինի գինը նվազել է շուրջ 20 տոկոսով։

Պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական Արթուր Խաչատրյանի հարցին, թե «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի շրջանակում կոնկրետ ինչ փոխադարձ առավելություններ է ստանում Հայաստանը, Փաշինյանը նշել է, որ Հայաստանն արդեն իսկ ստանում է այդպիսի առավելություններ՝ որպես օրինակ բերելով բենզինի գնի նվազումը։

«Բա որ բենզինի գինը 20%-ով ընկել է, տոկոսները ճի՞շտ եմ ասում, ես ճիշտն ասած, այդ թվերի մեջ չկամ […] դա փոխադարձ առավելությո՞ւն չի»,- ասել է Փաշինյանը։

#CivilNetCheck-ը գնացել է Նիկոլ Փաշինյանի հայտարարության հետքերով։

Բենզինի գնի նվազման մասին իշխանությունների հայտարարությունները

Ադրբեջանից Հայաստան բենզինի առաջին խմբաքանակը՝ պրեմիում («ԱԻ-95») տեսակի, ժամանեց 2025-ի դեկտեմբերի 19-ին։ Երկրորդ խմբաքանակի ներմուծման մասին հայտարարվեց 2026-ի հունվարի 8-ին` այդ թվում ռեգուլյար («ԱԻ-92») տեսակի բենզինի։

Առաջին խմբաքանակի տարանցման համար Վրաստանը գումար չի գանձել՝ դա ներկայացնելով որպես խաղաղության գործընթացին ուղղված ժեստ։

Հունվարի 21-ի հայտարարությունից ընդամենը մեկ շաբաթ առաջ՝ հունվարի 13-ին, ֆեյսբուքյան իր էջում Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ դեկտեմբերի կեսերին Ադրբեջանից Հայաստան ներմուծված բենզինի ֆոնին շուկայում պրեմիում տեսակի բենզինի գինը նվազել է 15 տոկոսով՝ 510 դրամից հասնելով 430 դրամի։

Մինչ վարչապետը հունվարի 21-ին ԱԺ-ում խոսել էր շուրջ 20 տոկոս նվազման մասին, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը օրեր անց ներկայացրել է այլ տվյալներ։ Պապոյանի՝ հունվարի 22-ի ֆեյսբուքյան գրառման համաձայն՝ պրեմիում տեսակի բենզինի գինը դեկտեմբերի սկզբին 510 դրամից նվազել է մինչև 430 դրամ՝ կազմելով 15,7 տոկոս։ Հաջորդ օրը նախարարը հայտնել է, որ ռեգուլյար բենզինի գինը նվազել է մինչև 420 դրամ։

Վարչապետի 20 տոկոսի հաշվարկը

#CivilNetCheck-ը կառավարությունից պարզաբանում էր խնդրել, թե ինչ հաշվարկների հիման վրա է վարչապետը հայտարարել 20 տոկոս նվազման մասին և արդյոք խոսքը վերաբերում է ռեգուլյար, թե պրեմիում տեսակի բենզինին։

Ի պատասխան՝ վարչապետի աշխատակազմից հայտնել են, որ հարցուպատասխանի ընթացքում նշվել է մոտավոր տոկոս։ Միևնույն ժամանակ նշվում է, որ առաջին խմբաքանակի ներմուծումից հետո պրեմիում տեսակի բենզինի գինը նվազել է 15,7 տոկոսով։ Իսկ երկրորդ խմբաքանակից հետո ռեգուլյար տեսակի բենզինի գինը նվազել է 16 տոկոսով։

ՏՄՊՊՀ-ի տվյալները՝ Ադրբեջանից բենզինի ներմուծումից առաջ և հետո

Ադրբեջանից ներմուծված բենզինի առաջին և երկրորդ խմբաքանակները վաճառել են «Մեգա Թրեյդ» ՍՊԸ-ն («Ռան Օիլ») և «Շիշա ուորլդ» ՍՊԸ-ն։

Առաջին խմբաքանակի վաճառքը սկսվել է դեկտեմբերի 23-ից։ 

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) տվյալների համաձայն՝ մինչև ադրբեջանական բենզինի առաջին խմբաքանակի ներմուծումը՝ դեկտեմբերի 1-23-ը, պրեմիում տեսակի բենզինը «Մեգա Թրեյդ»-ում եղել է 517 դրամ, ամենացածրը «Սի փի էս Էներջի Գրուպ» ՍՊԸ-ում (CPS)՝ 512.5 դրամ։ Նշենք, որ ՏՄՊՊՀ-ի կայքում ներկայացված չեն շուկայի բոլոր ընկերությունների տվյալները։

Շուկայում վաճառքի մեկնարկից հետո՝ դեկտեմբերի 23-31-ը, «Մեգա Թրեյդ»-ում պրեմիում տեսակի բենզինի գինը նվազել է մինչև 430 դրամ։ Մյուս ընկերությունների վերաբերյալ տվյալներ չեն հրապարակվել։

Էկրանապատկերը՝ competition.am-ից

Նիկոլ Փաշինյանը հունվարի 13-ին հայտնել էր, որ երկու օր առաջ Հայաստան է ներմուծվել դիզելային վառելիք և ռեգուլյար տեսակի բենզինի գինը դեկտեմբերի համեմատ նվազել է մոտ 8 տոկոսով։

Մինչ այդ՝ հունվարի 1-11-ը, ռեգուլյար տեսակի բենզինը ՏՄՊՊՀ-ի տվյալներով ինչպես «Մեգա թրեյդ»-ում, այնպես էլ մյուս ընկերություններում վաճառվել է 500 դրամով։ Հունվարի 11-31-ը «Մեգա Թրեյդ»-ը ռեգուլյար և պրեմիում տեսակի բենզինները վաճառել է զգալիորեն ավելի ցածր գնով՝ համապատասխանաբար 434.8 և 430 դրամով։ Միևնույն ժամանակ ադրբեջանական բենզին չներմուծած ընկերություններում ևս գնի անկում է գրանցվել։ Օրինակ՝ CPS-ում ռեգուլյար բենզինը հունվարի սկզբի 500 դրամից իջել է մինչև 455 դրամ։

Էկրանապատկերը՝ competition.am-ից

Շուկայում գործող բենզինի գները

#CivilNetCheck-ը հունվարի 23-ին՝ էկոնոմիկայի նախարարի բենզինի գնի նվազման վերաբերյալ գրառման օրը, կապվել է բենզին վաճառող ընկերությունների հետ՝ պարզելու շուկայում գործող գները։ Այդ օրը ամենաէժան գները առաջարկել է «Սի փի էս Էներջի Գրուպ» ՍՊԸ-ն (CPS)՝ ռեգուլյար բենզինը՝ 430, պրեմիումը՝ 450 դրամ։ Համեմատաբար ցածր գներ են արձանագրվել նաև «Ռան Օիլ»-ում՝ համապատասխանաբար 470 և 430 դրամ։

«Ֆլեշ»-ի բենզալցակայաններում հունվարի 23-ի դրությամբ ռեգուլյար տեսակի բենզինը վաճառվել է 470 դրամով, պրեմիումը՝ 490։

Փետրվարի 11-ի դրությամբ պատկերը որոշակիորեն փոխվել է։ Ռեգուլյար բենզինի տեսակի ամենացածր գինը գրանցվել է «Ռան Օիլ»-ում՝ 420 դրամ, իսկ ամենաբարձրը՝ «Շելլ Արմենիա»-ում՝ 550 դրամ։ «Սի փի էս»-ում այն վաճառվում է 430 դրամով, «Մաքս Օիլ»-ում և «Ֆլեշ»-ում՝ 470 դրամով, իսկ «Գալֆ Արմենիա»-ում՝ 505 դրամով։

Պրեմիում բենզինի գինը «Ռան Օիլ»-ում, որը վաճառում է ադրբեջանական բենզին, հունվարի 23-ի համեմատ աճել է՝ 430-ից դառնալով 445 դրամ։ «Սի փի էս»-ում և «Ֆլեշ»-ում գները մնացել են անփոփոխ՝ համապատասխանաբար 450 և 490 դրամ, իսկ «Մաքս Օիլ»-ում բարձրացել են 470-ից մինչև 490 դրամ։ «Գալֆ Արմենիա»-ում պրեմիումը վաճառվում է 545 դրամով։

Այսպիսով, պաշտոնական տվյալներն ու շուկայական գները ցույց են տալիս, որ ադրբեջանական բենզինի ներմուծումից հետո գնի նվազում իսկապես արձանագրվել է։ Սակայն այդ նվազումը կազմել է մոտ 15–16 տոկոս և չի հասել վարչապետի հայտարարած շուրջ 20 տոկոսի։ 

The post Բենզինի գները Հայաստանում՝ ադրբեջանական բենզինի ներմուծման ֆոնին appeared first on CIVILNET.

Leave a comment