Ընտանեկան բռնության դեմ պայքարի մասին հայտարարած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը, որ շաբաթներ առաջ հայտարարեց, թե պատրաստվում է փոփոխություններ մտցնել մի շարք օրենքներում` խստացնելով ընտանիքում բռնության դեպքերի համար սահմանված պատիժները, հանդիպելու է ՔՊ խմբակցության հետ։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը:
«Օրենքի նախագիծը ներկայացրած ՔՊ-ական կանանց հետ քննարկելու են մանրամասները, հնարավոր է՝ որոշ խմբագրումներ արվեն: Իսկ թե կոնկրետ որ օրն է կայանալու հանդիպումը, ՔՊ-ից ասացին` օրը դեռ վերջնական հաստատված չէ, հնարավոր է՝ փոփոխվի։ Ասացին նաև, որ տիկինը հույսը չի կտրել, որ ընդդիմադիր խմբակցությունները կհանդիպեն իր հետ, չնայած շաբաթներ առաջ մերժել էին հրավերը»,- գրում է թերթը:
Ըստ պարբերականի՝ ոչ միայն ընդդիմադիրները, այլև ՔՊ-ում շատերը կարծում են, որ Հակոբյանն արհեստական օրակարգ է բերել դաշտ, որի տակ ինչ-որ թաքնված նպատակ կա:
Նշվում է նաև, որ այս հանդիպումն Աննա Հակոբյանը պատրաստվում է անցկացնել մինչև ԱԺ հաջորդ նիստը՝ սեպտեմբերի 14-ը:
Հիշեցնենք, որ Աննա Հակոբյանն ընտանեկան բռնության մասին հանրային խոսել և սկսել է իր արշավը 2026 թվականի հուլիսի սկզբին: Հենց այդ ժամանակ նա հանդես եկավ հայտարարություններով՝ կոչ անելով չվախենալ, բարձրաձայնել և պայքարել ֆիզիկական, հոգեբանական, ֆինանսական ու սեռական բռնության դեմ:
Թեմայի բարձրաձայնման հիմքը եղել է կոնկրետ մի կնոջ պատմություն՝ ընտանեկան բռնության դեպքի, վախի և իրավապահ մարմինների արձագանքի մասին:
Բարձրաձայնելուց հետո իրավապահ մարմինները և դատախազությունը սկսեցին ընթացք տալ հրապարակումներին: