Հայաստանի ազգային գրադարանի առաջին հարկում բացվել է նոր ընթերցասրահ, որը նախատեսվել է սահմանափակ կարողություններ ունեցող ընթերցողների համար։
Ընթերցասրահը հիմնվել է ամերիկահայ գրադարանավար Ծիածան (Ջիա) Այվազյանի կտակի համաձայն՝ Հայաստանի ազգային գրադարանի ընթերցողների համար իրականացված հատուկ նախագծի ձևաչափով, հայտնում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:
«Աջակից ընթերցասրահ» խորհրդանշական անվանումը կրող այս միջավայրում յուրաքանչյուր ընթերցողի համար ապահովվել է գրադարանի ռեսուրսներից, կրթական և մշակութային հնարավորություններից հավասար պայմաններով ու սեփական կարիքներին համապատասխան օգտվելու հնարավորություն։
Ընթերցասրահը հագեցվել է ձայնագրքերով, Բրայլյան գրատիպով ու այլընտրանքային հրատարակություններով, ինչպես նաև արդիական տեխնոլոգիական լուծումներով։ Կիրառված միջոցներն ու տեխնոլոգիաները հնարավորություն են ընձեռելու գրականությունն ու տեղեկատվությունը տարբեր ձևաչափերով ներկայացնելու՝ նպաստելով գրադարանային ծառայություններն ավելի հարմարավետ, արդյունավետ և մատչելի կազմակերպելուն։
«ՀՀ կառավարությունը սահմանափակ կարողություններով մարդկանց համար հնարավորություններ ստեղծելը կարևոր առաջնահերթություն է համարում: Նպատակն է՝ քաղաքացիներն ունենան հավասար հնարավորություններ՝ օգտվելու բոլոր ենթակառուցվածքներից»,- բացման խոսքում ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը՝ կարևորելով նախաձեռնությունը։
Ազգային գրադարանում իրականացվող բովանդակային և ենթակառուցվածքային բարեփոխումներին անդրադառնալով՝ նա հայտնել է, որ պետությունն այդ ուղղությամբ շարունակական ջանքեր է գործադրել։ Միաժամանակ ընդգծվել է բարերարների հետ գործակցության կարևորությունը՝ «քաղաքացիները պետության կողքին և պետությունը՝ քաղաքացիների» սկզբունքով:
«Հուզիչ է, երբ մարդն ապրում է իր միջոցները այլ մարդկանց բարօրությանն ուղղելու բարձր գաղափարով: Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում Այվազյան ընտանիքին Ծիածան (Ջիա) Այվազյանի կամքն ու նախաձեռնությունը կյանքի կոչելու համար»,- ասել է նախարարի տեղակալը։
Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը նախաձեռնությանը մասնակցած բոլոր կողմերին շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության համար։
Ծիածան (Ջիա) Այվազյանի ընտանիքի անդամները նույնպես ելույթներ են ունեցել։
«Այս նախաձեռնությամբ Ծիածան (Ջիա) Այվազյանը պարզապես հիշողություն չէ. նա կենդանի է՝ որպես հոգու շքեղություն, որն օրինակելի է լինելու սերունդների համար»,- նշել է եղբոր թոռը՝ Նեթան Գրիգորի Այվազյանը։
Ներկայացվել է նաև Ծիածան (Ջիա) Այվազյանի գործունեությունը։ Նա ավելի վաղ մոտ 11,000 կտոր գրականություն է նվիրաբերել գրադարանին։ Հայ գրադարանավարների հետ սերտ համագործակցության և գրադարանային գործի զարգացման գործում ունեցած նշանակալի ներդրման համար 1991 թվականին Հայաստանի ազգային գրադարանն Այվազյանին պարգևատրել է «Հակոբ Մեղապարտ» հուշամեդալով, որը Հայաստանում նրա գործունեությանը տրված ամենաբարձր գնահատականն է եղել։
Ընթերցասրահի բացման արարողությանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը, Ծիածան (Ջիա) Այվազյանի ընտանիքի անդամները՝ եղբայրը՝ Ադամ Այվազյանը, նրա կինը և թոռները, Ազգային գրադարանի ընթերցողները և աշխատակիցները, ինչպես նաև «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի ու Սոկրատ Շահնազարյանի անվան մշակույթի տան ներկայացուցիչները։