Երբ ԵՄ-ի պաշտոնական ներկայացուցիչները հայտարարում են, որ չափազանց վաղ է խոսել Հայաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի ազատականացման ժամկետների մասին (թեկուզ նկատի ունենալով կոնկրետ թվական նշելը), սա ոչ թե տեխնիկական բնույթի մեկնաբանություն է, այլև քաղաքական ազդակ, որը պետք է ընկալել իր ամբողջ ծավալով։ Վիզայի ազատականացումը Եվրամիության հետ հարաբերությունների ամենահասարակ, ամենանախնական և համեմատաբար հեշտ իրագործվող քայլն է։ Սա այն գործիքն է, որով Եվրամիությունը պարգևատրում է առնվազն իրեն համակողմանիորեն լոյալ գործընկերներին կամ նրանց, որոնց օգտակար է համարում, և այն երբեք չի համարվել անդամակցության նախապայման կամ անդամակցության գործընթացի մաս։
Վրաստանը, Մոլդովան, Ուկրաինան այս արտոնությունը ստացել են դեռևս այն ժամանակ, երբ անդամակցության հեռանկարի մասին լուրջ խոսք անգամ չկար։ Այսինքն, վիզային ռեժիմի ազատականացումը Եվրամիության արտաքին քաղաքականության մեջ այն նվազագույն զիջումն է, որն արվում է նույնիսկ առանց խորքային ռազմավարական պարտավորությունների։ Եթե Հայաստանի դեպքում նույնիսկ այս նվազագույն քայլի ժամկետների մասին (կրկնում ենք՝ թեկուզ կոնկրետ ինտերվալի մասին) խոսելը «չափազանց վաղ» է համարվում, ապա ի՞նչ հիմքերի վրա է կառուցվում այն պատրանքը, թե անդամակցության գործընթացը կարող է արագ սկսվել և հաջողությամբ ընթանալ։
Այստեղ անհրաժեշտ է հասկանալ Եվրամիության համայնքի որոշումներ կայացնելու ներքին մեխանիզմը, որն ակնհայտորեն անտեսվում է հայաստանյան հանրային քննարկումներում։ Եվրամիությունը միասնական քաղաքական դերակատար չէ, այլ քսանյոթ անդամ պետության համախումբ, որտեղ յուրաքանչյուր երկիր ունի իր սեփական շահերը, վետոյի իրավունքը և ներքին քաղաքական հաշվարկները։ Անդամակցության հարցում պահանջվում է բոլոր անդամների միաձայն համաձայնություն, և պատմությունն էլ ցույց է տվել, որ նույնիսկ մեկ երկրի առարկությունը բավարար է տասնամյակներով սառեցնելու թեկնածու երկրի հեռանկարները։
Թուրքիայի օրինակը ավելի քան խոսուն է. այդ երկիրը թեկնածուի կարգավիճակ ունի արդեն քառորդ դարից ավելի, սակայն անդամակցության իրական հեռանկարը գործնականում չկա։ Ուկրաինան, որին պատերազմի պայմաններում արտակարգ արագությամբ շնորհվեց թեկնածուի կարգավիճակ, այնուամենայնիվ, կանգնած է տասնամյակներ տևող բարեփոխումների ճանապարհի առաջ, և նույնիսկ նրա դեպքում մի շարք անդամ երկրներ բացահայտ դիմադրություն են ցույց տալիս ընդլայնմանը։
Այս ֆոնին Հայաստանի համար խոսել արագ անդամակցության մասին՝ նշանակում է անտեսել ոչ միայն Եվրամիության ներքին դինամիկան, այլև ընդլայնման նկատմամբ Բրյուսելում առկա աճող հոգնածությունը։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: