«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի՝ իշխանությանը մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ առաջիկա ՏԻՄ ընտրություններին ընդառաջ իշխանությունը խիստ վերահսկողություն է սահմանել այն մարզերում, որտեղ համայնքապետերի ընտրություններ են սպասվում։
Մեր տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը իրավապահ և վերահսկող մարմիններին հանձնարարել է առավել ակտիվ աշխատել մարզերում՝ ուշադրության կենտրոնում պահելով ինչպես տեղական իշխանությունների ու սեփական թիմի ներսում ընթացող գործընթացները, այնպես էլ ընդդիմադիր շրջանակների գործունեությունը։
Հատկապես խոշորացույցի տակ են ընդդիմության ներկայացուցիչների հանդիպումները, կապերն ու հնարավոր պայմանավորվածությունները։ Ուսումնասիրվում են նաև ընտրական գործընթացներին առնչվող հնարավոր գործարքները, այդ թվում՝ ձայների բաժանման կամ քաղաքական ուժերի միջև պայմանավորվածությունների վերաբերյալ տեղեկությունները։
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները նշում են, որ Նիկոլ Փաշինյանը հատկապես խիստ է դրել հոկտեմբերի 25-ին սպասվող ՏԻՄ ընտրությունների հարցը։ Իշխանության ներսում դրանք դիտարկվում են որպես կարևոր քաղաքական փորձություն, և վարչապետը ցանկանում է բացառել իր համար անցանկալի զարգացումները։
Չի բացառվում, որ առաջիկա շաբաթներին մարզերում իրավապահների գործողությունները կտրուկ ակտիվանան, իսկ որոշ դեպքերում հանգեցնեն նաև ձերբակալությունների։ Թե որ մարզերում և ում շուրջ կարող են զարգացումներ լինել, մեր աղբյուրներն առայժմ չեն մանրամասնում»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։