Հայաստանը նոր միջուկային ռեակտորի հարցը քննարկում է հինգ երկրի հետ

Հայաստանը նոր միջուկային ռեակտոր ունենալու հարցը քննարկում է Ռուսաստանի, Միացյալ Նահանգների, Ֆրանսիաի, Հարավային Կորեաի և Չինաստանի հետ։ Այդ մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ խոսքը ճակատագրական և ռազմավարական նշանակության որոշման մասին է։

«Բոլորին թափանցիկ կերպով ասում ենք՝ ճակատագրական, ռազմավարական նշանակության որոշում է, և որոշում կայացնելիս մենք պետք է համոզված լինենք, թե որ առաջարկն է մաքսիմալ համապատասխանում Հայաստանի Հանրապետության շահերին»,– ասել է նա։

Վարչապետը նշել է, որ կան գործընկերներ, որոնք Երևանին շտապեցնում են ընտրության հարցում, սակայն, նրա խոսքով, անհրաժեշտ է հասկանալ բոլոր նրբությունները։

«Որովհետև, եթե մենք 5 մլրդ, 4 մլրդ, 6 մլրդ ներդրում արեցինք, ատոմակայան կառուցեցինք, և ուրանի գինը չորս անգամ, 5 անգամ, 10 անգամ բարձրացավ: Հիմա եկեք նայենք ոսկու գնի դինամիկային վերջին 10 տարում, իհարկե, համեմատությունը տեղին չի, այդքան ուղիղ չի, բայց, ենթադրենք, մեկ էլ կարա պլուտոնիումի և միջուկային վառելիքի գինը կարա այդ դինամիկայով սկսի աճել, դա ոնց է ազդելու մեր նախագծի տնտեսական հետգնելիության կամ տնտեսական արդյունավետության վրա։ Սրանք շատ լուրջ հարցեր են, բոլոր լուրջ հարցերը ամենայն մանրամասներով պետք է քննարկենք»,– ասել է Փաշինյանը։

Նա հիշեցրել է, որ ներկայումս Հայաստանը Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու փուլում է, որից հետո ենթադրվում է ևս մեկ փուլ՝ ևս 10 տարով երկարաձգելու համար, այսինքն՝ մինչև 2046 թվականը։

Փաշինյանի խոսքով՝ այդ ընթացքում կառավարությունը պետք է նոր ատոմակայանի կառուցման հետ կապված որոշումներ կայացնի։ Նա նաև նշել է, որ այժմ Հայաստանի էներգետիկ համակարգում Մեծամորի ատոմակայանի արտադրած էլեկտրաէներգիայի սակագինը ամենաէժանն է։

Վարչապետը անդրադարձել է նաև ոլորտի գլոբալ իրավիճակին՝ նշելով, որ կան գնահատականներ, ըստ որոնց՝ միջուկային վառելիքի հայտնի պաշարները կարող են բավարարել շուրջ 70 տարվա պահանջարկը։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է հաշվարկել, թե 40 տարի հետո 1 կՎտ ժամ միջուկային էներգիան ինչ կարող է արժենալ, և կառուցվելիք ատոմակայանի համար պետք է դրվի այնպիսի տնտեսական և ֆինանսական սխեմա, որ ներդրված միջոցները վերադարձվեն։

The post Հայաստանը նոր միջուկային ռեակտորի հարցը քննարկում է հինգ երկրի հետ appeared first on CIVILNET.

Leave a comment