Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի, կարակալներն արդեն այգում են

Երևանի Կենսանաբանական այգին հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով այգին համալրվել է կարակալներով։

«Դիմավորե՛ք սև ականջափնջերով, սուր հայացքով ու անհավանական ցատկերով մեր նոր բնակիչներին՝ կարակալներին։ Նրանք արդեն Երևանի կենդանաբանական այգում են ։

Մեր այգին համալրվել է նոր բնակիչներով՝ կարակալներով (Caracal caracal)։ Այժմ այցելուները կարող են մոտիկից տեսնել վայրի կատվազգիների այս տպավորիչ ու յուրահատուկ ներկայացուցիչներին ։

Կարակալին դժվար է շփոթել մեկ այլ կենդանու հետ։ Նրա ամենահայտնի առանձնահատկությունը երկար, սև ականջափնջերն են, իսկ հրաշալի լսողությունը օգնում է որսի ժամանակ նկատել նույնիսկ ամենաաննկատ ձայները։

Կարակալները նաև անչափ արագաշարժ ու ճարպիկ որսորդներ են։ Հզոր հետին վերջույթների շնորհիվ նրանք կարող են 3 մետրից ավելի վեր ցատկել և նույնիսկ օդում որսալ թռչունների։ Նրանց սննդակարգում հանդիպում են նաև կրծողներ, նապաստականմաններ և այլ կենդանիներ ։

Բնության մեջ կարակալները հիմնականում միայնակ են ապրում և առավել ակտիվ են մթնշաղին ու գիշերը։

Եկե՛ք Երևանի կենդանաբանական այգի՝ ծանոթանալու մեր մեծ ընտանիքի նոր անդամներին և ինքներդ տեսնելու, թե որքան տպավորիչ են վայրի կատվազգիների այս ներկայացուցիչները»,- նշված է հաղորդագրությունում։

Leave a comment