ՀԷՑ-ի օտարումը կավարտվի 2027 թ.-ի հոկտեմբերին. ՀՀ կառավարությունը հրապարակել է նախագիծը

ՀՀ կառավարությունը մտադիր է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ սեփականության օտարման գործընթացն ավարտել 2027 թ. հոկտեմբերի 1–ին։ Այդ մասին նշված է իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft միասնական կայքում այսօր տեղադրված ՀՀ կառավարության որոշման նախագծի մեջ։

Հանրային քննարկման ներկայացված նախագծում նշված է, որ սեփականության օտարման գործընթացը սկսելու վերջնական ժամկետը 2027 թվականի մայիսի 1–ն է, իսկ օտարման գործառույթների իրականացումը համակարգող և պատասխանատու պետական լիազոր մարմինը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն է։

Նախագծի մեջ ասվում է նաև, որ բաժնետոմսերը համաձայնեցված կարգով օտարելու առաջարկը ՀՀ կառավարությունը ներկայացրել է դեռևս այս տարվա փետրվարի 17–ին, որի վերաբերյալ, ըստ նախագծի հեղինակների, սահմանված ժամկետում ՀԷՑ ՓԲԸ–ի բաժնետերերի կողմից արձագանք չի ստացվել։ Ըստ այդմ` ՀՀ կառավարությունը որոշել է սկսել օտարման գործընթացը։

Ի դեպ, նշված է, որ արժեթղթերի ընդհանուր անվանական արժեքը 20 մլրդ 674 մլն 889 700 դրամ է։

Հիշեցնենք` ՀՀ Ազգային ժողովը 2025 թվականի հուլիսի 3–ին ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։

2026 թվականի մայիսի 8–ին հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարությունը ՀԷՑ–ը ձեռք բերելու համար 380 000 դոլար է առաջարկել սեփականատերերին՝ գործարար և «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի ընտանիքին (Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար)։ Կարապետյանը գումարի այս չափն անընդունելի է համարել, ու բանակցությունները չեն կայացել։

Հունիսին հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարությունը մտադիր է ՀԷՑ–ի 100% բաժնետոմսերը ճանաչել հանրության գերական շահ։

ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը հունիսի 29-ին հայտարարեց, թե կառավարությունը որոշում կընդունի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն հանրային գերակա շահ ճանաչելու մասին, որին կհաջորդեն արդեն շուկայական արժեքի գնահատումը և փոխհատուցումը։

Sputnik Արմենիա

Leave a comment