2026 թվականի սեպտեմբերի 1-ին և 4-ին ՀՀ քննչական կոմիտեի քննչական խմբի կողմից, Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում, իրականացվել են խուզարկություններ։ Պաշտպանության կողմը հարկ է համարում հանրության և իրավապահ մարմինների ուշադրությանը ներկայացնել այդ խուզարկությունների ընթացքում թույլ տրված մի շարք էական խախտումներ, որոնք վկայում են քննչական մարմնի կողմից իրականացված գործողությունների ակնհայտորեն ոչ իրավաչափ բնույթի մասին։
- Հրապարակված բոլոր զենքերն օրինական են, և դրանք առգրավվել են ապօրինի:
Առգրավված բոլոր հրազենային միավորները վերցվել են դրանց օրինական տիրապետումը հաստատող թույլտվությունների և հաշվառման փաստաթղթերի հետ միասին։ Այս հանգամանքն ինքնին հաստատում է հրազենի օրինական պատկանելիությունը, մինչդեռ դրանց առգրավումն իրականացվել է առանց որևէ իրավաչափ հիմքի՝ դարձնելով այն ակնհայտորեն անօրինական։
- Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոու բեմադրելու նպատակով:
Քննչական կոմիտեն առգրավել է Գագիկ Խաչատրյանին ու նրա ընտանիքի անդամներին պատկանող զարդեր և ժամացույցներ՝ ակնհայտորեն կամայական ձևով և շոուներ բեմադրելու նպատակով։ Այս իրերի օրինական բնույթը հերքող որևէ ապացույց գոյություն չունի. դրանք ընտանիքի կողմից դեռևս 1970-ական թվականներից ձեռք բերված կամ որպես նվեր ստացված իրեր են: Դատարանի որոշմամբ՝ որպես որոնման և վերցնելու ենթակա օբյեկտներ, նշված չեն եղել նկարներ, զարդեր, ժամացույցներ, զարդատուփեր, գրիչներ և գրելու հավաքածուներ։ Չնայած դրան՝ քննչական խումբը կամայականորեն առգրավել է նշված իրերը՝ առանց որևէ փաստական կամ իրավական հիմքի այն մասին, որ դրանք հանդիսանում են հանցագործության գործիք կամ արդյունք, կրում են հանցագործության հետքեր կամ որևէ այլ կերպ առնչվում են գործի հանգամանքներին։
- Առկա է առգրավված իրերի և մեղադրանքի միջև որևէ առնչության բացակայություն:
Առգրավված նկարների, զարդերի, ժամացույցների և զարդատուփերի վրա չեն արձանագրվել որևէ հետքեր, նույնականացնող համարներ կամ այլ տարբերակիչ հատկանիշներ, որոնք թույլ կտային դրանք որևէ կերպ կապել Գագիկ Խաչատրյանին առաջադրված մեղադրանքի հետ։
- Խախտվել է անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը:
Պաշտպանության կողմի մոտ լուրջ մտահոգություն է առաջացնում այն փաստը, որ ՀՀ քննչական կոմիտեի կողմից հրապարակվում են անձանց անձնական կյանքին վերաբերող տվյալներ, մասնավորապես՝ բնակարանների ներքին կահավորանքի պատկերներ և նմանատիպ այլ տեղեկություններ։ Նման գործելաոճը խախտում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և գործող օրենսդրությամբ երաշխավորված՝ անձի անձնական և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը։
Վերոգրյալի հիման վրա՝ պաշտպանության կողմը գտնում է, որ 2026 թվականի սեպտեմբերի 1-ի և 4-ի խուզարկությունների ընթացքում քննչական մարմնի կողմից թույլ են տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով, ինչպես նաև Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքների էական խախտումներ։
Պաշտպանության կողմն իրեն իրավունք է վերապահում սահմանված կարգով վիճարկելու առգրավման գործողությունների իրավաչափությունը և պահանջելու անօրինականորեն առգրավված գույքի վերադարձը։ Միաժամանակ, կոչ ենք անում իրավապահ մարմիններին գործել բացառապես օրենքի շրջանակներում՝ հարգելով անձի իրավունքներն ու օրինական շահերը։ Պաշտպանության կողմը շարունակելու է հետևել գործի ընթացքին և, անհրաժեշտության դեպքում, հանրությանը տեղեկացնել հետագա զարգացումների մասին։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: