Խանդանյան․ ՀՀ Սահմանադրությունը խոչընդոտ չէ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման համար

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հայտարարել է, որ ՀՀ Սահմանադրությունը որևէ կերպ չի խոչընդոտում Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը։

Խանդանյանը նաև ընդգծել է, որ Հայաստանը Սահմանադրության փոփոխության հարց Ադրբեջանի հետ չի քննարկել, քանի որ նոր Սահմանադրության ընդունումը Հայաստանի ներքին օրակարգին վերաբերող հարց է, հայտնում է Արմենպրեսը:

«Ինչ վերաբերում է Ադրբեջանի մտահոգություններին Հայաստանի Սահմանադրության հետ կապված, մենք շարունակում ենք պնդել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը ամբողջությամբ փարատում է այդ մտահոգությունները՝ հաշվի առնելով, որ այդ համաձայնագիրն իր եզրակացությունն է ստանալու Հայաստանի Սահմանադրական դատարանում։ Սահմանադրությունը որևէ կերպ խոչընդոտ չէ խաղաղության համաձայնագրի ստորագրման համար»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Խանդանյանը։

Հայաստանն ու Ադրբեջանը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրել են խաղաղության համաձայնագիրը։ Փաստաթղթի 12-րդ հոդվածով, մասնավորապես, սահմանվել է. «Կողմերն իրենց երկկողմ հարաբերություններում կառաջնորդվեն միջազգային իրավունքով և սույն Համաձայնագրով: Կողմերից ոչ մեկը չի կարող վկայակոչել իր ներպետական օրենսդրության դրույթները՝ որպես սույն Համաձայնագրի չկատարման հիմնավորում»:

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը սեպտեմբերի 9-ին ադրբեջանական լրատվամիջոցների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ Բաքվի դիրքորոշումը շարունակել է անփոփոխ մնալ․ ըստ այդ դիրքորոշման՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացն ավարտին հասցնելու համար Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը։ Բայրամովը հիշեցրել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, ըստ որի՝ մինչև այս տարվա վերջ նոր Սահմանադրության տեքստը կներկայացվի հանրությանը՝ միաժամանակ ընդգծելով, որ դրա ընդունման ժամկետը Հայաստանի ներքին հարցն է։

Leave a comment