52–ամյա գյումրեցին տանը կեղծ խմիչքներ է պատրաստել ու իրացրել

52–ամյա գյումրեցու տանը հայտնաբերվել են 144 շիշ կեղծ օղի, 15 շիշ կեղծ կոնյակ, մոտ 60 լիտր օղի, խցաններ, դատարկ շշեր և այլ պարագաներ


ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Շիրակի քրեական ոստիկանները կեղծ խմիչքների պատրաստման և իրացման դեպք են բացահայտել, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։


ՆԳՆ Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները սեպտեմբերի 5-ին օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Գյումրի քաղաքի 52-ամյա բնակիչը, առանց համապատասխան թույլտվության, տանը պատրաստում և իրացնում է կեղծ օղի և կոնյակ։ Նա հրավիրվել է մարզային վարչություն և բացատրական աշխատանքի արդյունքում հայտնել, որ տեղեկությունը հավաստի է։ 


Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված խուզարկությամբ 52-ամյա տղամարդու՝ Ղուկասյան փողոցում գտնվող տանը հայտնաբերվել են տարբեր մակնշումներով 144 շիշ կեղծ օղի, տարբեր տարողություններով 15 շիշ կեղծ կոնյակ, մոտ 60 լիտր օղի, խցաններ, դատարկ շշեր և այլ պարագաներ։ 


52-ամյա տղամարդը ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին։ 


Կատարվում է նախաքննություն։


 


Leave a comment