Մոլդովայի իրավապահ մարմինների և հատուկ ծառայությունների համատեղ գործողության ընթացքում սեպտեմբերի 8-ին ձերբակալվել է Ադրբեջանի 49-ամյա քաղաքացի, որը Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության հանձնարարությամբ դիվերսիա է նախապատրաստել, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով մոլդովական ԶԼՄ-ներին։
Նշվում է, որ նա պատրաստվում էր դիվերսիոն գործողություններ իրականացնել Մոլդովայում և Ուկրաինայում՝ հավաքելով դրա համար հետախուզական տվյալներ, այդ թվում՝ հետևելով Մոլդովայում ԱՄՆ օբյեկտներին։
Մոլդովայի ոստիկանության գլխավոր տեսչության տվյալներով՝ 2026 թվականի օգոստոսին իրավապահ մարմինները տեղեկություն են ստացել, որ տղամարդուն հավաքագրել են Ռուսաստանի Դաշնության հատուկ ծառայությունների ներկայացուցիչները։ Ենթադրվում է, որ նա պատրաստություն է անցել Ուկրաինայի և Մոլդովայի Հանրապետության տարածքում դիվերսիոն գործունեություն իրականացնելու համար։
Առկա տվյալների համաձայն՝ կասկածյալը ծրագրել էր հարձակումներ Մոլդովայի Հանրապետությունում գտնվող մի շարք ռազմական օբյեկտների, ինչպես նաև երկրի տարածքում տեղակայված Ամերիկայի Միացյալ Նահանգների օբյեկտների վրա։ Հավաքված տվյալները պետք է փոխանցվեին կուրատորին, որը, քննիչների խոսքով, կապեր ունի Ռուսաստանի հատուկ ծառայությունների հետ։
Խուզարկության ընթացքում իրավապահ մարմինների աշխատակիցները առգրավել են բջջային հեռախոս։ Սարքի զննման արդյունքում հայտնաբերվել են տվյալներ, որոնք վկայում են Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայության աշխատակից ներկայացող անձի հետ կապերի մասին։
Ադրբեջանի քաղաքացին գտնվում է չարտոնված կերպով տեղեկատվություն հավաքելու գործով հետաքննության ներքո։ Մոլդովայում այս հանցագործությունը պատժվում է 2-ից 5 տարի ժամկետով ազատազրկմամբ։ Հետաքննությունը շարունակվում է՝ գործի բոլոր հանգամանքները պարզելու և հնարավոր այլ հանցակիցներին հայտնաբերելու նպատակով։
Մոլդովայի իրավապահ մարմինները նաև հրապարակել են ձերբակալվածի, որի ինքնությունը դեռևս չի հրապարակվում, և ԱԴԾ-ից կուրատորի միջև հեռախոսազրույցի ձայնագրությունը։ Այդ հեռախոսազրույցի ընթացքում կասկածյալը հայտնում է, որ հետևում է Մոլդովայի տարածքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին։ Նա ամերիկացիներին անվանում է «գծավորներ», ինչից հետո զրուցակիցը ճշտում է․ ««Գծավորները» ամերիկացիներն են, այնպես չէ՞»։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի