Գրիգորյանը PMCG-ում ավագ խորհրդական է նշանակվել (PAN.am)

ՀՀ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստանձնել միջազգային խորհրդատվական ընկերությունում՝ միանալով PMCG-ին որպես ավագ խորհրդական։

«Policy and Management Consulting Group» (PMCG) հաղորդագրության մեջ նշվում է, որ Գրիգորյանը ներգրավված է TRIPP-ի իրագործելիության գնահատման գործընթացում, հայտնում է Factor.am-ը:

«Պարոն Գրիգորյանը մեզ է միանում՝ ՝ ունենալով կառավարության բարձրագույն մակարդակներում աշխատանքի մեծ փորձ և ռազմավարական կառավարման, դիվանագիտության, միջազգային հարաբերությունների, ինստիտուցիոնալ բարեփոխումների, ճգնաժամերի կառավարման և տարածաշրջանային անվտանգության ոլորտներում երկարամյա կարիերա»,- ասվում է հայտարարության մեջ, որում ներկայացվում են նաև նրա զբաղեցրած պաշտոնները։

Ընկերությունն ընդգծել է, որ Գրիգորյանի գործունեության առանցքային ուղղություններից մեկը եղել է Հարավային Կովկասի վրա ազդեցություն ունեցող առավել բարդ հարցերի շուրջ աշխատանքը։ Դրանց թվում են եղել երկխոսությունը, բանակցությունները, տարածաշրջանային անվտանգությունը, հակամարտությունների կարգավորումը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանն ուղղված ջանքերը։ Նշվում է, որ այդ փորձն արդեն նպաստել է PMCG-ի աշխատանքին։

«Գրիգորյանը ներգրավվել է նաև TRIPP-ի իրագործելիության գնահատման գործընթացում։ Նախաձեռնությունն ուղղված է Հայաստանի տարածքով հաղորդակցությունների ամրապնդմանը, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցության, խաղաղության և բարգավաճման ավելի լայն հնարավորությունների խթանմանը»,-ասվում է հայտարարության մեջ:

Ընկերությունից նաև հայտնել են, որ պետական ծառայությունից հեռանալուց հետո Գրիգորյանը շարունակել է ակտիվ գործունեություն ծավալել հետազոտությունների, քաղաքականության վերլուծության և ակադեմիական աշխատանքի ոլորտներում։

«Policy and Management Consulting Group»-ը միջազգային խորհրդատվական ընկերություն է, որը մասնագիտացած է անցումային և զարգացող երկրներին աջակցություն տրամադրելու գործում։ PMCG-ն փոխկապակցված կազմակերպությունների խումբ է, որը գործում է որպես միջազգային զարգացման խորհրդատվական միասնական ցանց՝ ԱՄՆ-ում, Վրաստանում, Ուկրաինայում, Հայաստանում, Ուզբեկստանում, Լեհաստանում և Իռլանդիայում։

Leave a comment