Ռուսաստանի ԱԳՆ-ն ռազմական հատուկ գործողության սկզբից Վերին Լարսը և այլ անցակետեր «գրոհած», իսկ այժմ վերադառնալ ցանկացող անձանց վերաբերվում է, ինչպես է իր քաղաքացիներին, որոնք խաբվել են և տրվել խուճապի։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է РИА Новости-ն։
«Ինչպես ենք մենք վերաբերվում որպես գերատեսչություն՝ որպես մեր երկրի քաղաքացիների, որոնցից ոմանք խուճապի են մատնվել, մյուսները, գուցե, իսկապես խաբվել են, գայթակղվել», – ասել է Զախարովան ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է ՌԴ ԱԳՆ-ն վերաբերվում այն ռուսաստանցիներին, որոնք «գրոհել են Վերին Լարսը և այլ անցակետեր, իսկ հիմա ցանկանում են վերադառնալ»։
Զախարովան հստակեցրել է, որ Ռուսաստան վերադառնալ ցանկացողների թվում կան նաև նրանք, որոնք խախտել են ՌԴ օրենքները: Նրա խոսքով, նման դեպքերը գտնվում են իրավապահ մարմինների լիազորությունների տիրույթում։
Խոսելով այն մարդկանց մասին, որոնք լքել են Ռուսաստանը ռազմական հատուկ գործողության սկզբնական շրջանում, իսկ հետո զղջացել իրենց որոշման համար և ցանկացել վերադառնալ, Զախարովան հիշել է անառակ որդու մասին աստվածաշնչյան առակը:
«(Եթե նրանք վերադառնում են – խմբ.) ապաշխարությամբ, զղջումով, առանց ագրեսիայի, հասկանալով, որ սխալ են եղել՝ ապա դա ընդունելի է», – ամփոփել է Զախարովան:
Ռազմավարական ճանապարհը Վլադիկավկազն ու Թբիլիսին կապում է «Վերին Լարս» սահմանային անցակետով։ Ներկայում այն միակ ցամաքային երթուղին է, որը կապում է Ռուսաստանը Վրաստանի, իսկ ապա՝ Հայաստանի հետ։