Ինչքա՞ն կհամբերի Ադրբեջանը. քաղաքագետը՝ Բաքվի պահանջների մասին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ շուտով հանդիպելու է։

Բայրամովի խոսքով՝ Ադրբեջանն ու Հայաստանը համաձայնության են եկել պետական սահմանի սահմանազատման աշխատանքներն իրականացնել հյուսիսից հարավ։ Նրա խոսքով՝ վերջին շրջանում երկրների հանձնաժողովների միջև բազմաթիվ հանդիպումներ են տեղի ունեցել, իսկ սահմանազատման գործընթացը կարգավորող մի շարք փաստաթղթեր ընդունվել և հաստատվել են ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Հայաստանում։ Ադրբեջանի ԱԳ նախարարը նաև նշել է, որ Բաքուն հետևում է Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու գործընթացին։

 

 Բայրամովի հայտարարությունների ֆոնին MediaHub-ը զրուցել է քաղաքագետ Հակոբ Բադալյանի հետ՝ հասկանալու, թե արդյոք սահմանազատման գործընթացը կարող է նշանակել, որ Ադրբեջանը դուրս կգա այն տարածքներից, որոնք վերջին տարիներին զբաղեցրել է Հայաստանի ինքնիշխան տարածքում։

 

«Ադրբեջանը որևէ անգամ չի հայտարարել, որ սահմանազատման և սահմանագծման արդյունքում դուրս կգա այն տարածքներից, ուր մտել է վերջին տարիներին։ Ադրբեջանցիները ոչ միայն ամրացել են այն դիրքերում, ուր մտել են, այլ նաև այս ընթացքում որոշակիորեն առաջ են տվել դիրքերը։ Այս ամենը տեսել ենք ու ոչ մի անգամ Ադրբեջանից չենք լսել հայտարարություն, որ սահմանազատման և սահմանագծման գործընթացի միջոցով և դրա արդյունքում իրենք դուրս կգան Հայաստանի որևէ տարածքից։ Եթե մենք այս մասին Ադրբեջանից որևէ հայտարարություն չենք լսել, որևէ հիմք չունենք եզրակացնելու, որ դա տեղի կունենա։ Իհարկե, պաշտոնական Երևանն այդ մասին հայտարարություններ անում է, բայց մինչ այժմ, ցավոք սրտի, վերջին տարիների նախադեպերը ցույց են տվել, որ, որպես կանոն, իրականություն են դառնում այն հայտարարությունները, որոնք Ադրբեջանն է անում, և ոչ թե այն, ինչ ասում է Երևանը»,- նշեց Բադալյանը։

 

Ադրբեջանի կողմից Հայաստանի Սահմանադրության փոփոխության գործընթացին հետևելու վերաբերյալ Բայրամովի հայտարարությանն անդրադառնալով՝ Բադալյանը նշեց, որ այս հարցը կարող է քննարկվել նաև առաջիկա հանդիպումների ընթացքում։

  

«Որքա՞ն կարող է Ադրբեջանը սպասել, ես, իհարկե, չեմ կարող ասել, բայց դատելով Բայրամովի հայտարարությունից, ով ասում է, որ այդ ժամանակը Հայաստանի ներքին գործընթացն է, պետք է նկատենք, որ ոչ թե ասում է՝ Սահմանադրության հարցը Հայաստանի ներքին գործն է, այլ դրա փոխելու ժամանակացույցը։ Կարծում եմ՝ Ադրբեջանն այդքան էլ շահագրգռված չէ ինչ-որ արագ փոփոխություն սպասելով։ Ադրբեջանը նվազագույնը դրել է պահանջ և հասել է նրան, որ Երևանը փաստացի ընդունել է այդ պահանջը։ Չեմ կարծում, որ ադրբեջանցիներն այդպես շտապ սպասում են դրա իրականացմանը։ Ադրբեջանի համար այդ Անկախության հռչակագիրը ոչ մի խնդիր չի ստեղծում։ Նա այդ ամենն ընդամենը օգտագործում է որպես պատրվակ, և պաշտոնական Երևանն ընդամենը տեղի է տվել այդ պայմանին»,- ասաց Բադալյանը։

 

Ալիտա Եղիազարյան

Leave a comment