«Սուրճի սեղանի հարց չէ, լուրջ խնդիր է, փողն ավելի շատ գնում է երկրից, քան գալիս է»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին

«Հայաստանի առևտրային դեֆիցիտը 6 ամիսների ընթացքում 2․7 միլիարդ դոլար է։ Այսինքն՝ ՀՀ-ն առաջին 6 ամսվա ընթացքում 20 տոկոս ավելի վատ առևտրային հաշվեկշիռ ունի․ ավելի քիչ արտահանում է, ավելի շատ ներմուծում, քան անցյալ տարվա առաջին վեց ամսվա ընթացքում։ Ի՞նչ գործիքակազմով ենք մենք փակելու ահագնացող առևտրային դեֆիցիտի այս մեծ ճեղքվածքը, որը ավելացել է 20 տոկոսով»,- ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ընթացքում ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին հարցրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

Վահե Հովհաննիսյանը պատասխանեց, թե Նարեկ Կարապետյանի հարցերը «սպեցիֆիկ են, այդ հարցերի պատասխանները կան, սակայն ձեռքի տակ չեն»։

Վահե Հովհաննիսյան

ՔՊ-ական պատգամավորներն էլ դժգոհեցին, որ այս հարցերով Նարեկ Կարապետյանը խախտում է նիստի աշխատակարգը։ ՔՊ խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանն ասաց․ «Պահեք աշխատակարգը, սենց շարունակվել չի կարող»։

Էդուարդ Աղաջանյան

Նարեկ Կարապետյանը պնդեց՝ սա ամենակարևոր հարցերից է․ «Հիմա մենք առաջարկության ու լուծման ճանապարհ ենք տալու։ Երկրում առևտրային դեֆիցիտը 20 տոկոս տարբերություն է տվել»։

Նարեկ Կարապետյան

Հանձնաժողովի նախագահի տեղակալ Ծովինար Վարդանյանն էլ միջամտեց․ «Հասկացանք, կարող եք առանձին քննարկում կազմակերպել, սա հանձնաժողովի նիստ է, որտեղ կա աշխատակարգ։ Հանձնաժողովի անդամները պիտի նստեն, դուք իրար հարցե՞ր տաք»։

Ծովինար Վարդանյան

Էդուարդ Աղաջանյանն էլ առաջարկեց․ «Հանձնաժողովի նիստից հետո սուրճի սեղանի շուրջ քննարկենք»։ Նարեկ Կարապետյանը հակադարձեց․ «Սուրճի սեղանի հարց չէ, լուրջ խնդիր է, դեֆիցիտը 2,7 միլիարդ է»։

Ծովինար Վարդանյանը կրկին միջամտեց․ «Պարոն Կարապետյան, քննարկեք Ձեր ժամանակի հաշվին, ոչ թե մեր»։

Նարեկ Կարապետյանն էլ շարունակում էր ահազանգել․ «Փողն ավելի շատ գնում է երկրից, քան գալիս, ավելի շատ ծախսում ենք, քան գալիս է, նախարարությունն ի՞նչ գործիքակազմով է այս հարցերը լուծելու»։

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment