«Երեկ Երևանում տեղի ունեցած Հայաստան-ԱՄՆ տեխնոլոգիաների և նորարարության գագաթնաժողովի ընթացքում մի քանի հայտարարություններ են արվել գործընկերների կողմից։ Firebird ընկերությունը վերահաստատեց, որ իրենց ծրագրի երկրորդ փուլի՝ ԱԲ տվյալային կենտրոնի իրագործման թույլտվությունն են ստացել Սպիտակ տնից։ Ընդհանուր ծրագրի ներդրումային արժեքը հայտարարված էր 500 միլիոն դոլար, բայց այն կհասնի 4 միլիարդ ԱՄՆ դոլարի։ Արդյունքում Հրազդանում կառուցվելու է ԱԲ տվյալային կենտրոն»,- խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՔՊ խմբակցության պատգամավոր Նարեկ Բաբայանի հարցին՝ հայ-ամերիկյան համագործակցության շրջանակներում ի՞նչ արդյունքների ենք հասել ու ի՞նչ ակնկալիքներ կարող ենք ունենալ ԱՄՆ փոխնախագահի այցից, այսպես պատասխանեց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը (լուսանկարում)։
Նաև հայտնեց՝ ԱՄՆ պետքարտուղարության գործընկերները վերահաստատել են Գուգլ ընկերության այն հայտարարությունը, որ ՀՀ-ում ամենայն հավանականությամբ ապրիլ-մայիսին կակտիվացվի յութուբի դրամայնացումը․ «Այսինքն՝ յութուբի գործընկերային ծրագրի փաթեթը կակտիվացվի ՀՀ-ում։ Shield AI ընկերության հետ անօդաչուների մասով համագործակցության նոր էջ ենք բացում ՀՀ-ի համար, ինչպես նաև ԹՈՒՄՈ-ն հայտարարեց, որ առաջիկայում մասնաճյուղեր կբացի ԱՄՆ -ում»։
Նախարարը, դիմելով հարց հնչեցրած ՔՊ-ական պատգամավորին, ասաց՝ արձագանքեք, շարունակեմ, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ իր հերթին ժպիտով միջամտեց․ «Նենց լավ է հնչում, շարունակեք»։
ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: