Հայաստանը տեղյա՞կ էր եղել Ադրբեջանում ԱՄՆ և ադրբեջանցի պաշտոնյաների հանդիպումից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայաստանը ԵԱՏՄ-ի կամ ԵՄ-ի միջև ընտրության առջև կանգնած չէ և այս փուլում չի պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից։ Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։

Նրա խոսքով՝ կազմակերպությունից դուրս գալու մտադրության դեպքում Հայաստանը պետք է այդ մասին տեղեկացներ 6 ամիս առաջ։ Ակնհայտ է, որ մինչև դեկտեմբեր կառույցը նման ծանուցում չի ստանա։ Ընդ որում, կազմակերպությունում անդամակցությունը սառեցնելու կամ դուրս գալու վերաբերյալ որևէ քննարկում ընդհանրապես չկա։ Հայաստանը մնում է կառույցի լիիրավ անդամ, և ԵԱՏՄ շրջանակում պարտավորությունները կատարվում են, ընդգծել է Խանդանյանը։

«Ինչ վերաբերում է ԵՄ-ի հետ հարաբերություններին, ապա, ինչպես նախկինում հայտարարել ենք, պետք է ժողովրդին ցույց տանք, որ կա այլընտրանք, և մենք պետք է բարելավենք մեր չափանիշներն այնպես, որ եվրոպական շուկաները բացվեն Հայաստանի առջև։ Եթե գա մի պահ, երբ Հայաստանի չափանիշները դառնան այնպիսին, իսկ քաղաքական գործընթացներն ընթանան այնպես, որ պատրաստ լինենք դիմել ԵՄ-ին, մենք կկայացնենք այդ որոշումը։ Բնականաբար, հստակ գիտակցելով, որ ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին անդամակցությունը փոխբացառող գործընթացներ են»։

Անդրադառնալով Ռուսաստան հայկական ապրանքների ներմուծման արգելքին՝ Խանդանյանը նշել է, որ ՀՀ իշխանությունները փորձում են պարզաբանել, թե հատկապես որ ապրանքները չեն համապատասխանել պահանջներին։ Միևնույն ժամանակ, պատգամավորն ակնհայտ է համարել, որ բազմաթիվ ապրանքներ չէին կարող միանգամից դադարել համապատասխանել չափանիշներին։ Ընտրությունների նախօրեին ներմուծման արգելք սահմանելու որոշումը նա որակել է երկու երկրների միջև բարեկամական հարաբերություններին ու շահերին չհամապատասխանող քայլ։ Ավելին, ըստ Խանդանյանի, դա խախտում է ԵԱՏՄ-ի բուն էությունը, որը ապրանքների և աշխատուժի ազատ տեղաշարժի հարթակ է։

Միևնույն ժամանակ, Խանդանյանը հավաստիացրել է, որ ՌԴ-ի հետ այս հարցով բանակցությունները ամենևին ավարտված չեն, և հավելել, որ բավարար չափով տեղեկացված չէ ԵԱՏՄ հանձնաժողովում բողոքարկման գործընթացի ու առարկայի մասին։ Նա տեղի ունեցողը համարում է ոչ թե «պատժամիջոցներ», այլ քաղաքական ենթատեքստ ունեցող «սահմանափակումներ»։

Պատասխանելով Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովի՝ սահմանազատման և սահմանագծման գործընթացը «հյուսիսից հարավ» իրականացնելու վերաբերյալ հայտարարության մասին հարցին՝ Խանդանյանը հիշեցրել է, որ դրանում նորություն չկա, և հանձնաժողովները վաղուց են նման որոշում կայացրել։

Հայաստանի վարչապետ Փաշինյանի և ՌԴ նախագահ Պուտինի սպասվող հանդիպման օրակարգի վերաբերյալ Խանդանյանը նշել է, որ որևէ բան ասել չի կարող, մանավանդ որ հանդիպման ամսաթիվը դեռ հայտնի չէ։ Այդուհանդերձ, նա արձանագրել է, որ միջպետական հարաբերությունների օրակարգը լայն է ու հագեցած, կան քննարկման ենթակա բազմաթիվ հարցեր, այդ թվում՝ կառավարության ծրագրում ամրագրված հարաբերությունների փոխակերպման տրամաբանության շրջանակում։

Ինչ վերաբերում է Ադրբեջանում ԱՄՆ փոխդեսպանի և Ադրբեջանի ԱԳ փոխնախարարի հանդիպմանը TRIPP ծրագրի քննարկմանը, Խանդանյանը հայտարարել է, որ այսօր այդ նախագծի մասին խոսում են բոլորը՝ Չինաստանից մինչև Պորտուգալիա։ Պատգամավորի խոսքով՝ ինքն այդ հանդիպման մասին իմացել է հենց նոր։ Ծրագրի հետ որևէ առնչություն չունեցող Բաքվում դրա քննարկումը պարզաբանելիս՝ Խանդանյանը նշել է, որ նախագիծը կապելու է Ադրբեջանի տարբեր հատվածները, որի պատճառով էլ ակնհայտ է Ադրբեջանի հետաքրքրվածությունը դրա շուտափույթ և որակյալ իրականացման հարցում։ Երրորդ երկրների մասնակցությունը, հիշեցրել է նա, որոշվում է մասնակիցների՝ Հայաստանի և ԱՄՆ-ի փոխադարձ համաձայնությամբ։

Մամուլի հրապարակումներում Իրանի դիրքորոշման վերաբերյալ տեղեկությունները պարզաբանելու փորձին ի պատասխան՝ պատգամավորը հայտարարել է, որ ՀՀ կառավարությունը գործընկերների հետ չի շփվում լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա, այլ դա անում է ուղղակիորեն։ Հիշեցնենք, որ խոսքը TRIPP ծրագրի վերահսկողության և պահպանության վերաբերյալ Թեհրանից ստացված ոչ պաշտոնական տեսակետի մասին է։ Խանդանյանը հավաստիացրել է, որ Իրանի սկզբնական մտահոգությունները փարատվել են, և պաշտոնական Թեհրանը որևէ առարկություն չի հայտնել։ Ավելին, Խանդանյանը կարծում է, որ ՀՀ կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը բխում է հենց Իրանի շահերից։

Այն հարցին, թե Ադրբեջանը պահանջում է փոխել Հայաստանի Սահմանադրությունը, իշխող կուսակցության պատգամավորը վստահեցրել է, որ Մայր օրենքը Հայաստանի Ներքին գործն է, ընդ որում՝ քաղաքացիները երկու ընտրությունների արդյունքներով աջակցել են իշխանություններին։ Թե ինչու է այդ դեպքում Բաքուն հրաժարվում ստորագրել խաղաղության փաստաթուղթը, Խանդանյանն առաջարկել է ուղղել հենց Բաքվին։

Վերադառնալով հայ-ռուսական հարաբերություններին՝ հանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ դրանք մնում են բարեկամական։ «Մենք չենք ցանկանում հարաբերությունների սրում ՌԴ-ի հետ», — հավաստիացրել է Խանդանյանը։

NEWS.am

Leave a comment