Բայրամովը Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման գործընթացից մանրամասներ է ներկայացրել

Քաղաքականություն

09.09.2026 | 13:48

Ադրբեջանն ու Հայաստանը պայմանավորվել են  պետական ​​սահմանը հյուսիսից հարավ սահմանազատելու աշխատանքներ իրականացնելու մասին։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանն ու Հայաստանը համաձայնության են եկել, որ պետական ​​սահմանի սահմանազատման գործընթացը կիրականացվի հյուսիսից հարավ՝ սկսած Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի սահմանների հատման կետից։ Ադրբեջանցի նախարարը նշել է, որ ադրբեջանական կողմից պետական ​​սահմանազատման հանձնաժողովը գլխավորում է փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը։

«Ադրբեջանական կողմից  սահմանազատման պետական հանձնաժողովի կազմը մնում է անփոփոխ։ Հանձնաժողովը ղեկավարում է փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը։ Հանձնաժողովների հանդիպումներն ու քննարկումները պարբերաբար անցկացվում են։ Հայաստանում համապատասխան հանձնաժողովը նույնպես ղեկավարում է փոխվարչապետը»,- ասել է Ջեյհուն Բայրամովը։

Նրա խոսքով՝ անցած ժամանակահատվածում երկու երկրների հանձնաժողովների միջև բազմաթիվ հանդիպումներ են անցկացվել, իսկ հանձնաժողովների գործունեությունը կարգավորող մի շարք փաստաթղթեր ընդունվել և հաստատվել են ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Հայաստանում։

«Պայմանավորվածություն կա այն հարցում, թե որ ուղղությունից պետք է սկսվի և այնուհետև շարունակվի մեր ընդհանուր սահմանի սահմանազատման գործընթացը։ Կա համաձայնություն և փոխըմբռնում, որ աշխատանքները կսկսվեն սահմանի ավելի բարդ՝ հյուսիսային հատվածից՝ Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի սահմանների հատման կետից, և կշարունակվեն հյուսիսից հարավ»,-հայտարարել է  Բայրամովն ու հավելել․

«Ինչ վերաբերում է ավելի կոնկրետ մանրամասներին, բոլոր հարցերը, իհարկե, կքննարկվեն անհրաժեշտության դեպքում և համապատասխան ժամանակին, և սպասվում է, որ դրանք նույնպես կլուծվեն։ Այս կամ այն բնակավայրերին վերաբերող հարցերը կքննարկվեն սահմանազատման հանձնաժողովի  աշխատանքի շրջանակներում»։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment