Խոշոր ընկերություններն ու պետական կազմակերպություններն ավելի մեծ ուշադրությամբ են գնահատում իրենց կախվածությունը կարևորագույն թվային ենթակառուցվածքներից։ Աշխարհաքաղաքական լարվածությունը, արտահանման սահմանափակումներն ու կիբեռսպառնալիքները բացահայտում են նոր խոցելիություններ, ասվում է Capgemini-ի հետազոտությունում։
Reuters-ի փոխանցմամբ՝ Capgemini-ի կողմից 11 երկրներում 1 300 խոշոր կազմակերպությունների ղեկավարների շրջանում անցկացված հարցումը ցույց է տվել, որ թվային ենթակառուցվածքն ավելի հաճախ է դիտարկվում էներգետիկայի և ֆիզիկական մատակարարման շղթաների հետ նույն կարևորության մակարդակում։ Սա նշանակում է, որ դրա դիմակայունության ապահովումը պահանջում է տնօրենների խորհուրդների ուշադրությունը, արտակարգ իրավիճակների համար գործողությունների ծրագրերի մշակում և լրացուցիչ ներդրումներ։
Զեկույցի համաձայն՝ ընկերությունները ռեսուրսներ են ուղղում առավել լուրջ ռիսկերի բացահայտմանը, իսկ դրանցից մի քանիսը, այդ թվում՝ Airbus-ը, արդեն սկսել են նվազեցնել կախվածությունը առանցքային տեխնոլոգիաներից և մատակարարներից։
Հարցված կազմակերպությունների գրեթե կեսը նշել է, որ կարևորագույն մատակարարին փոխարինելու համար իրենց կպահանջվեր երեք ամսից մինչև մեկ տարի։ Ավելի քան մեկ երրորդի գնահատմամբ՝ այդ գործընթացը կտևեր մեկ տարուց ավելի։
Հետազոտությունը ղեկավարած Capgemini-ի ներկայացուցիչ Նիկոլյա Գոդիլիեն Reuters-ին նշել է, որ վերջին իրադարձությունները ստիպել են ընկերություններին հատուկ ուշադրություն դարձնել նման կախվածություններին։ Որպես առավել ակնառու ռիսկերի օրինակներ նա նշել է Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հակամարտությունների ընթացքում տվյալների կենտրոնների և հեռահաղորդակցական ենթակառուցվածքների դեմ հարձակումները։
Նրա խոսքով՝ այժմ առանցքային հարցն այլևս ոչ այնքան այն է, թե ով է մատակարարում այս կամ այն տեխնոլոգիան, այլ այն, թե անհրաժեշտության դեպքում կազմակերպությունը որքան արագ կարող է փոխել մատակարարին։