Համայնքների խոշորացման նոր օրենսդրական նախագծի քննարկման ընթացքում թեժ բանավեճ է ծավալվել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչ Առնակ Ավետիսյանի և Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի միջև։ Առանցքում Վանաձոր համայնքի և հարակից բնակավայրերի վերախոշորացման նպատակահարմարության ու իրավական հիմքերի հարցն է։
Նշենք՝ գործադիրն առաջարկում է խոշորացնել Արարատ համայնքը՝ 32 բնակավայրերով, ինչպես նաև Վանաձորը՝ 22 բնակավայրերով։
Ավետիսյանը հայտնել է, որ Վանաձոր և Փամբակ համայնքների խոշորացման վերաբերյալ հանրային քննարկումներ են անցկացվել Լոռու մարզպետարանում, որոնց մասնակցել են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ և բնակիչներ։ Ըստ նախարարության ներկայացուցչի՝ ուսումնասիրությունները փաստում են, որ խոշորացման արդյունքում բարձրանում է ծառայությունների որակը և մեծանում են ֆինանսական ու մասնագիտական կարողությունները։ Անդրադառնալով տեղական հանրաքվե չանցկացնելու վերաբերյալ հարցադրմանը՝ նա պարզաբանել է, որ օրենսդրությունը հանրաքվեի պարտադիր պահանջ չի դնում, և գնահատելով բարեփոխման դրական արդյունավետությունը՝ կառավարությունը հակված է այն իրականացնել հնարավորինս արագ և արդյունավետ մեթոդներով։
Ի հակադրություն նախարարության պնդումների՝ Մամիկոն Ասլանյանը հայտարարել է, որ 2021 թվականի ընտրություններից հետո Վանաձոր համայնքը դե յուրե այդպես էլ չի խոշորացել, քանի որ համայնքի ընտրված ղեկավար չի եղել, վարչական շրջանների ղեկավարներ չեն նշանակվել, և բյուջեների փաստացի միավորում ու արդյունավետության գնահատում տեղի չի ունեցել։
«Հետևաբար ևս մեկ անգամ գնալ խոշորացման առանց դրա արդյունավետությունն ու չափորոշիչներն ու չափելիությունը իմանալու՝ դա ուղղակի ձեր կողմից քաղաքական նպատակահարմարությունից ելնելով է»,- նշել է Ասլանյանը։
Նա հիշեցրել է, որ վարչական դատարանի արգելանքների պատճառով Վանաձորի ավագանին արդեն երկար ժամանակ զրկված է համայնքի ղեկավար ընտրելու իր իրավունքից ու լիազորությունից։ Ասլանյանն ընդգծել է, որ Վանաձորը 1930-ական թվականներից ի վեր եղել է զուտ քաղաքային մշակույթի, արտադրության և գիտատեխնիկական պոտենցիալի քաղաք, երբեք շրջանային բաժանում կամ գյուղական բաղադրիչ չի ունեցել։
Ըստ նրա՝ քաղաքից 35-40 կմ հեռավորության վրա գտնվող լեռնային գյուղերն առանց վարչական ու ֆինանսական չափորոշիչների քաղաքին կցելը («գերխոշորացումը») լրացուցիչ բեռ է դառնում քաղաքային համայնքի համար։ Ասլանյանը կառավարությանը մեղադրել է քաղաքական նպատակահարմարությամբ վարչական միավորներ գծելու («ջերիմենդերինգ» – Gerrymandering) մեջ՝ ավելի շատ ձայներ ապահովելու ակնկալիքով։
«Խնդրում եմ չխոշորացված համայնքը ևս մեկ անգամ մի՛ խոշորացրեք և որևէ մարդու հագով մի՛ կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը կամ նոր խոշորացվող համայնք։ Դուք սխալ ուղղությամբ եք տանում այդ կողմի զարգացման հնարավորությունները»,- եզրափակել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Եվգենյա Համբարձումյան