«Կենսաչափական անձնագրեր ունեցող քաղաքացիներն առանց կոնտակտի պետք է օդանավ մտնեն, դուրս գան կամ սահմանը հատեն»․ Նիկոլ Փաշինյան

«Առաջիկա օրերին ԱՄՆ գործընկերներին կփոխանցենք ԹՐԻՓՓ-ի հետ կապված համաձայնագրի նախագծի հետ կապված մեր դիտարկումները»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ ընթանում է Հրազդանում արհեստական բանականության կենտրոնի ստեղծումը։ «Եվ տեղյակ եք, ԱՄՆ փոխնախագահն էլ հայտարարեց, այդտեղ պոտենցիալ են տեսնում, որ ներդրումների ծավալը կարող է հասնել մինչեւ 4 մլրդ դոլար։ Վերադառնալով ԹՐԻՓՓ-ին՝ ասեմ, որ նաեւ սկսվել է նախագծի տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը եւ գնահատումը, որը շատ կարեւոր է նախագծի իրագործման համար։ Հաջորդիվ նաեւ միջուկային էներգետիկայի ոլորտում կտեսնենք, թե ինչպես ենք շարունակում մեր համագործակցությունը։ Մի քանի գործընկերների հետ ունենք համագործակցություն, իհարկե, մենք որոշում կկայանցենք այն նախագծի օգտին, որն առավելագույնս համապատասխանում է ՀՀ շահերին։ Հաջորդ խնդիրը, որն էլի կարեւոր է, սահմանների կառավարման հետ է կապված։ Ես կառավարությանը խնդիր եմ առաջադրել, որ այն պահից, երբ Հայաստանում արդեն կսկսեն գործել բիոմետրիկ անձնագրերը, իսկ մենք դա սպասում ենք 2027 թվականի աշնանը, մեր օդանավակայանում եւ բոլոր կետերում պետք է գործեն անկոնտակտ անցման ուղիներ։ Այսինքն՝ կենսաչափական անձնագրեր ունեցող քաղաքացիներն առանց կոնտակտի պետք է օդանավ մտնեն, դուրս գան կամ սահմանը հատեն։ Դրա համար պետք է, որ ԱՄՆ-ն, որն այդ տեխնոլոգիաներին տիրապետում է, կիսեն մեզ հետ»,- նշեց Փաշինյանը։

Նա ասաց, ԱՄՆ փոխնախագահի հետ քննարկումների ժամանակ ստացել է հավաստիացում, որ այդ տեխնոլոգիաները կկիսվեն Հայաստանի հետ։ Ըստ Փաշինյանի՝ դրանք գերժամանակակից ու ճշգրիտ միջոցներ են, եւ հույս կա, որ տարվա վերջից արդեն Հայաստանն այդ տեխնոլոգիաները կունենա։

Անդրադառնալով ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցի մասին ընդդիմադիրների մեկնաբանություններին՝ Նիկոլ Փաշինյանը նշեց․ «Միացյալ Նահանգների փոխնախագահի այցի ավելի հագեցած օրակարգ շատ կդժվարանամ նշել։ Շատ չեն լինում այդպիսի հագեցած օրակարգերով այցեր։ Ես ուզում եմ հիշել, թե վերջին անգամ երբ են ավելի մեծ ծավալով քննարկումներ տեղի ունեցել։ Այսպիսի բան հաճախ չի լինում, երբ ԱՄՆ-ն հենց պաշտոնական այցի ժամանակ ի ցույց է դնում, որ ամենաժամանակակից հետախուզական տեխնիկա է մատակարարում ՀՀ-ին։ Սա նրա մասին է, որ ՀՀ եւ ԱՄՆ միջեւ ռազմատեխնիկական համագործակցության ճանապարհը բացվել է։ Այսինքն՝ այդ մեկ անօդաչու թռչող սարքը ցույց տալու իմաստն այն էր, որ ՀՀ-ԱՄՆ ռազմատեխնիկական համագործակցության կանաչ լույսը վառված է»։

Նիկոլ Փաշինյանը նաեւ ասաց․ «Այն, ինչ տեղի է ունեցել օգոստոսի 8-ից հետո, ամեն ինչն ապացուցում է, որ խաղաղությունը հաստատված է։ Դա չի նշանակում, որ կոնֆլիկտի հետ կապված բոլոր խնդիրները լուծված են, բայց կոնֆլիկտն ավարտված է, ինչը կոնֆլիկտի հետ կապված խնդիրների լուծման շատ կարեւոր նախադրյալ է ստեղծում։ Պետք է կարողանալ այդ նախադրյալները ճիշտ օգտագործել»։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment